Քադաֆիի նոր զենքը` բռնաբարել հարյուրավոր կանանց
Լիբիական առաջնորդ Մուհամար Քադաֆու գլխին սև ամպերը չեն դադարում կուտակվել. նրան դարձյալ մեղադրանք է ներկայացվել, այս անգամ Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի կողմից, որը հայտարարել է, թե Քադաֆին իր ստորադասներին հատուկ հրահանգել էր բռնաբարել հարյուրավոր կանանց, որպեսզի դա սարսափեցնի ապստամբներին:
Ինչպես հաղորդում է Utro.ru կայքը, հղում անելով Washington Post-ին, դատախազը նշել է, որ դեռ նախաքննությունն այս հարցի առումով շարունակվում է, նրանք փաստեր են հավաքագրում, սակայն արդեն իսկ վկայություններն այս նոր ռեպրեսիվ մեթոդի վերաբերյալ բավարար են մեղադրանքը հնչեցնելու համար:
Ըստ այդմ, մի քանի անձինք վկայություն են տվել, որ հատուկ այդ նպատակներով լիբիական կառավարությունը մի քանի կոնտեյներ «Վիագրա» է գնել, որն էլ նախատեսված է Քադաֆիի անվտանգության աշխատակիցների պոտենցիայի բարձրացմանը` երկրում սեքսուալ տեռոր սկսելու համար:
Պաշտոնյան հայտարարել է, որ այս պահի դրությամբ իրենք փորձում են բացահայտել բոլորին, ովքեր այս գործում դերակատարություն ունեն, քանի որ երկրի տարբեր շրջաններում արդեն բռնաբարվել են հարյուրավոր կանայք: Սակայն Մորենո-Օկամպոն հայտարարել է նաև, որ չնայած փաստերին, այլ հարց է` կարելի է, արդյո՞ք, այդ հանցագործությունները վերագրել Քադաֆիին, թե՞ դրանք արվել են նրա կամքից անկախ… չնայած ինքն ավելի քան վստահ է, որ գնդապետը սեքսուալ տեռորն օգտագործել է իբրև զենք:
Նշենք, որ պաշտոնական Տրիպոլին այս մեղադրանքներին դեռևս որևէ կերպ չի արձագանքել: