Այս տարվա դիմորդներն ուրիշ են. քննական շրջանը շարունակվում է
Այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել դիմորդների քանակի մեծությամբ երկրորդ քննությունը` մաթեմատիկա առարկայից, որին մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 544 դիմորդ: ԵՊՀ-ում մաթեմատիկա առարկայից պետք է մասնակցեր 138 դիմորդ, որոնցից 18-ը բացակայել է: Դիմորդների դիմելիության քանակով առաջին տեղում էր Հայոց լեզու և հայ գրականություն առարկան, որին մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 609 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամլո խոսնակ Գայանե Մանուկյանի գնահատմամբ, այս տարվա քննությունները զգալիորեն տարբերվում են նախորդ տարիներին կայացած քննություններից: Այս տարվա դիմորդները ևս ուրիշ են: «Այս տարվա դիմորդները մի յուրահատկություն ունեն` դա տարիքային առանձնահատկությունն է, որն իր դերը խաղում է. եթե նախկինում դիմորդները տարեկիցներ էին կամ համադասարանցիներ և փորձում էին հուշել միմյանց, արտագրել իրարից, ապա այժմ, քանի որ հասուն մարդիկ են, յուրաքանչյուրն աշխատում է իր առաջադրանքի վրա», -հավելեց Գայանե Մանուկյանը:
ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանի գնահատմամբ, այս տարվա դիմորդների համար խորթ են նույնիսկ թեստային տարբերակով առաջադրանքները: «Ձևաթուղթ լրացնել չգիտեն և այդ իսկ պատճառով մինչև քննությունն սկսելը փոքր-ինչ երկար ժամանակ է տրամադրվում դիմորդին` բացատրելու նրբությունները», -փոխանցեց Գայանե Մանուկյանը:
Արդեն հայտնի է դարձել «կենսաբանություն», «ընդհանուր պատմություն» և «աշխարհագրություն» առարկաներից քննությունների արդյունքները: Այսօրվանից քննակենտրոնում փակցված են գնահատականները և, քննական կարգի համաձայն, վաղն առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00-ն կընդունվեն բողոք-դիմումները: Հայոց լեզու քննության արդյունքներից բողոք-դիմում, ըստ էության, չի գրանցվել: «Երևանից մի դիմորդի կողմից թյուրընկալում է եղել, սակայն քննարկման արդյունքում նա ընդունել է, որ սխալ է հասկացել և ամեն ինչ հարթվել է», -փոխանցեց ԳԹԿ մամլո խոսնակը:
«Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը կազմել է 11, 67. դրական միավորի շեմն այս քննությունից չի հաղթահարել 22 դիմորդ` քննությանը ներկայացած 108 դիմորդից: Գայանե Մանուկյանի փոխանցմամբ, այս առարկայից 17,5-ից 20 միավոր ստացել է 15 դիմորդ է ստացել:
«Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 60 դիմորդ. Այս առարկայից 17,5-ից 20 միավոր ստացել է դիմորդների 13,3 տոկոսը, 13,5-ից 17,25 միավոր ստացել է 16,7 տոկոսը, 7,5-13,25 միավոր ստացել է 51, 7 տոկոսը: Այս առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել 2 դիմորդ:
«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 31 դիմորդ. 18-20 միավոր ստացել է 1 դիմորդ, 13,5-17,25 միավոր ստացել են մասնակից դիմորդների 29 տոկոսը, 7,5-13,25 միավոր ստացել է 58, 1 տոկոսը: Դրական միավորների շեմը չի հաղթահարել 3 դիմորդ:
Միասնական քննությունների 1-ին փուլը կավարտվի հունիսի 17-ին:
Նշենք, որ եթե դիմորդները այս կամ այն պատճառներով դիմում-հայտ չեն ներկայացրել մասնակցելու առաջին փուլի քննություններին, ապա ցանկացողները կարող են հայտագրվել հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար. դրանք կմեկնարկեն հունիսի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: