Կոմանդոսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր օրագիրը
«Մոնթեն գերակատարում էր իր առջև դրված բոլոր առաջադրանքները»,- այսօր Մոնթե Մելքոնյանի մահվան 18-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ասուլիսում հայտարարեց արցախյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Հիշեցնենք, որ հունիսի 12-ին լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 18-րդ տարին:
Հրամանատարը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր օրագիրը, որտեղ գրառումներ է կատարել պատերազմի տարիներին: Այդ օրագրում տեղ են գտել նաև Մոնթեի մասին պատմող դրվագներ:
Կոմանդոսը նշեց, որ Մոնթեն զինվորական կրթություն չուներ, սակայն նա այն մարդն էր, ով զինվորական գիտությունը կարողանում էր կյանքի կոչել:
Ըստ նրա, առաջին խնդիրը, որ Մոնթեն կարողացավ կատարել, եղել է կապի ապահովումը: Վերջինս ընդգծեց, որ այդ տարիներին թե Ադրբեջանում և թե Հայաստանում գործում էին միևնույն՝ սովետական նմուշի կապի սարքավորումները, և երկու կողմերն էլ կարողանում էին լսել երկու կողմից արձակված հրամանները:
Ա.Տեր-Թադևոսյանը հավելեց, որ Մոնթեն մարդկանց երբեք չեր զանազանում ըստ պաշտոնի կամ կուսակցական պատկանելիության:
Ասուլիսին ներկա Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, 1993-94թթ.Իրանում ԼՂՀ ՊԲ լիազոր ներկայացուցիչ Վահե Շահմուրադյանն էլ իր հերթին ասաց, որ «Մոնթեն այնտեղ էր, որտեղ կար Հայկական հարց»:
Վերջինս պատմեց, որ առաջին անգամ Մոնթեի հետ ծանոթացել է 1978թ.-ին Իրանում:
«Իսկ առաջին անգամ մարտական գործողությունների մասնակցել ենք 1979թ.-ին՝ Արևմտյան Հայաստանում, միացել էինք քրդական ապստամբությանը»:
Նա նշեց, որ Մոնթեն շատ խարիզմատիկ մարդ էր և, որ նրա անկեղծությունն էր, որ գերում էր ժողովրդին: Եվ հավելեց, որ Մոնթեն իրեն համարել է մեր ժողովրդի մի մասնիկը: