447 վարկ`«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում այս տարվա հունիսի 7-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 447 վարկ` 3,5 մլրդ ՀՀ դրամով. 300 մլն դրամի չափով 50 վարկ էլ ընթացքի մեջ է:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, դրանից մոտ 42 տոկոսը տրամադրվել է Հայաստանի մարզերում, 58 տոկոսը` Երևանում:
Այսպիսով, 260 վարկ` 2,4 մլրդ դրամի չափով, տրամադրվել է Երևանում, իսկ 187 վարկ` 1 մլրդ 64 մլն դրամի չափով` մարզերում:
Հիշեցնենք, որ վարկի տրամադրման չափորոշիչներում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, նախկին 2%-ի փոխարեն մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը. մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 6,5-7 տոկոս: Նախկին 30 տոկոսի փոխարեն մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոս:
Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-30 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35 տարեկանը և միևնույն ժամանակ նրանց գումարային տարիքը չի գերազանցում 60-ը: Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար: