«Ջրմուղի աշխատակիցը» ոստիկանների դեմ կիրառել է զենք. Նոր մանրամասներ 3-րդ մասի դեպքից
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանության ծառայողների կողմից վնասազերծված անձի ինքնությունը պարզվել է. նա վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող30-ամյա Արման Ենգիբարյանն է: Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում այսօրվա դեպքից, որի մասին մինչ այդ Panorama.am-ը տեղեկացրել էր:
Ըստ այդմ, այսօր` հունիսի 14-ին, ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը:
Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա և մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածեցին, որ հնարավոր է՝ վերջին դեպքը նույն շարքից է:
Ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով՝ հետապնդեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, որը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառեց իր մոտ եղած զենքը: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծեցին նրան:
Վերջինս տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեց վիրահատության, սակայն գիտակցության չգալով՝ մահացավ: Պարզվեց, որ նա 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: