«Ուլիսես»-ի շնորհանդես-վաճառք. Հայաստանում առաջին անգամ կնշվի «Bloomsday»-ը
Այսօր երեկոյան ժամը 18:00-ից 20:00-ն Խնկո Ապոր անվան գրադարանում նշվելու է «Բլումի օրը» (Bloomsday):
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, հանրահայտ «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:
1904 թվականի հունիսի 16-ին իռլանդացի երիտասարդ գրող Ջեյմս Ջոյսը հանդիպեց իր ապագա կնոջը` Նորային: Ջոյսն այդ օրը պատմական դարձրեց 1922-ին լույս տեսած «Ուլիսես»-ով, որի իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ օրը:
Տասնամյակներ շարունակ Իռլանդիայում և բազմաթիվ այլ երկրներում նշվում է «Բլումի օրը»` վեպի գլխավոր կերպարի պատվին և ի փառաբանումն համաշխարհային գրականությունը հեղաշրջած Ջոյսի հանճարի:
Իռլանդական ծագում ունեցող այս տոնն Հայաստանում այս տարի նշվում է առաջին անգամ, քանի որ, Սամվել Մկրտչյանի ներկայացմամբ, հենց այս տարի է հայերեն լույս տեսել «Ուլիսես»-ը: «Գրքի հայերեն թարգմանությունն այս տարի լույս տեսավ և այդ պատճառով էլ իմաստ չկար նախորդ տարիներին «Բլումի օրը» նշել», -հավելեց Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքով, երևանյան Bloomsday-ն ընդգրկում է գրքի շնորհանդես-վաճառք, վեպի հուշանվերային օրինակների ցուցադրում:
Հրավիրվածների շրջանակի մասին Սամվել Մկրտչյանն ասաց. «Աշխատել եմ հրավիրել մարդկանց, նորմալ մտավորականների, ովքեր այս տարիներին մաքուր են մնացել»:
Տոնակատարության շրջանակներում ամբողջ աշխարհում կարդում են «Ուլիսես»-ը, իսկ ահա Դուբլինում միջոցառման մասնակիցները փողոցներով քայլում են վեպի հերոսների` Բլյումի ու Սթիվենի կերպարներով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են