Կոչենք իրերն իրենց անուններով

Հեղինակ` Արմեն Մինասյան

Վերջին մի քանի ամիսներին հրապարակային քննարկումներում «երկխոսություն» բառի կիրառության հաճախակիությունը գնալով մեծանում է: Միևնույն ժամանակ մեծանում է համոզվածությունը, որ այն կիրառողները խոսում են միանգամայն տարբեր լեզվով և տարբեր բաների մասին: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական գործընթացների մասնակիցները հայտնվել են հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկի դերում:
Ասում են` վերջինս Ավստրիալիայում եղած ժամանակ տեղաբնիկներից մեկին, ցույց տալով մոտակայքում թռչկոտող կենդանուն, հարցրել է, թե ինչ է այն: «Կենգուրու»,- պատասխանել է ավստրալացին, ինչը թարգմանաբար նշանակում է` «Քեզ չեմ հասկանում»: Բնականաբար, Կուկը պատկերացում չի էլ ունեցել, որ տեղաբնիկն իրեն չի հասկանում: Նրա «չհասկանալու» արդյունքում այսօր մենք «կենգուրու»-ի տակ միանգամայն այլ բան ենք հասկանում:
Պատկերը գրեթե նույնն է հայաստանյան ներքաղաքական կյանքում: Տարբերությունն այն է, որ զրույցի մասնակիցներն ու լեզուներն են բազմաթիվ:

Ի՞նչ է դիալոգը և ի՞նչը դիալոգ չէ

Այն, որ քաղաքական պրոցեսի մասնակիցները «երկխոսություն» հասկացության միանգամայն տարբեր ընկալումներ կամ առնվազն հրապարակային բացատրություն ունեն, ակնհայտ է: Բայց որպես ՀՀ քաղաքացի (ի վերջո քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներն ընտրություններին են հղում անում` արբիտրն ընտրողն է) ես կարող եմ և պարտավոր եմ գլուխ հանել և ինքնուրույն գնահատել նրանց գործողություններն ու հայտարարությունները:
Գործը գլուխ բերելու համար, բնականաբար, առաջին քայլով փորձեցի ինքս հասկանալ` ինչ ասել է «երկխոսություն»: Ճանաչողական այդ կարճատև գործընթացի հենց առաջին եզրակացությունս, ավելի ճիշտ` որոշումս, «երկխոսություն» տերմինից հրաժարվելն էր:
 
Բանն այն է, որ «երկխոսություն» հասկացությունն իմաստային առումով ընկալվում է որպես երկու կողմի զրույց, մինչդեռ պարզվում է բառի օտարալեզու համարժեքը` «դիալոգը» շատ ավելի լայն ծավալ ունի. ասոցիացիաների մակարդակում այն «խոսակցության» մասնակիցների քանակական սահմանափակումներ չի դնում: Ավելին` պարզվում է դիալոգի համար քանակի խնդիր ընդհանրապես գոյություն չունի. մարդը միայնակ էլ կարող է երկխոսել` ինքն իր հետ (ժամանակակից հոգեբանության հետազոտությունների մի զգալի մասն էլ հենց ուղղված է մարդու «ներքին դիալոգի» ուսումնասիրություններին):
Իսկ ի՞նչ է դիալոգը: Փիլիսոփայական բառարանում մի խրթին սահմանում գտա. «Դիալոգը հաղորդակցվող կողմերի միջև բովանդակային և էքզիստենցիալ փոխազդեցություն է, որի միջոցով տեղի ունենում ըմբռնում»: Համաձայնեք, որ սահմանման լեզուն բարդ է: Ինքս էլ միանգամից չհասկացա և, որոնումներս շարունակելով, մի ավելի մատչելի սահմանում գտա. «Դիալոգը համատեղ մտածելու արվեստ է»:

Ի՞նչ է բխում այս ձևակերպումներից: Այն, որ դիալոգը մարդկանց շփման, հաղորդակցման ձև է` ֆորմա: Դա գործընթաց է, որի ժամանակ ընդգրկված կողմերը համատեղ մտածում են, տեղի է ունենում ճանաչողություն, ըմբռնում: Ընդ որում` ըմբռնում ասելով, հասկանում ենք փաստերի երևույթների համարժեք, ադեկվատ ընկալումն ու ինտերպրետացիան:
Այս արձանագրումներից հետո առաջին բանը, որ մտքովս անցավ` հասկանալ, թե ի՞նչ նախադրյալներ են պետք դիալոգի համար: Առաջինի դեպքում ինձ համար բացահայտեցի, որ դիալոգի համար անհրաժեշտ պայմանների մի երկար ցանկ գոյություն ունի. անհրաժեշտ է, որ դրա մասնակիցներն անկեղծ և ուշադիր լսեն միմյանց, հարգեն միմյանց ու փոխադարձաբար չսպառնան, ստեղծագործեն, համագործակցեն: Այդ երկար ցանկին չանդրադառնալու համար որոշեցի այն առանձին հրապարակմամբ ներկայացնել, որպեսզի ընթերցողն ինքնուրույն կողմնորոշվի, թե հայրենի քաղաքական գործիչներն իրենց գործողություններով ու հայտարարություններով ընթանում են դեպի դիալո՞գ, թե՞ դիխոտոմիա:

Այստեղ պետք է մի պահ կանգ առնենք և ֆիքսենք, որ մի շարք գործոնների առկայությունն արդեն իսկ դիալոգի մերժում կամ բացակայություն է: Այդ նույն ցանկից դատելով` կարելի է նշել, որ այդ գործոններից են, օրինակ, բռնությունը կամ վախի սերմանումը: Եթե անդրադառնանք մերօրյա քաղաքական իրողություններին, ապա միանշանակ պետք է արձանագրենք, որ դիմացինին, ըստ էության, կապիտուլյացիայի կոչով դիմելը ոչ մի դեպքում դիալոգ, եթե կուզեք`անգամ երկխոսություն, չէ:
Մնում է մի հարց. երբ է առաջանում դիալոգ: Պարզվում է` վաղուց հայտնի աքսիոմա կա. դիալոգն առաջանում է, երբ իրավիճակը փոխելու անհրաժեշտություն կա: Այսինքն` անհրաժեշտություն կա ճանաչել, գնահատել իրավիճակը, փոփոխությունների անհրաժեշտությունն ու դրա հեռանկարները:
Ներկայացվածը, կարծես, բավական է առաջ գնալու համար:

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ

Երկրորդ քայլը, որին դիմեցի, դիալոգի նպատակի բացահայտման փորձն էր: Առաջին հերթին, փորձեցի ինքնուրույն վերլուծել. եթե դիալոգը «համատեղ մտածելու», մտածողության, ըմբռնման գործընթաց է, ապա ի՞նչ նպատակ կարող է ունենալ: Ի վերջո մտածողությունն անընդհատ գործընթաց է և որևէ կոնկրետ նպատակ պետք է որ չհետապնդի:
Ճանաչողությունը, ըմբռնումը փիլիսոփայական կատեգորիաներ են: Եվ եթե հենց այս դիտանկյունից ենք նայում, ապա դիալոգի միակ նպատակը մարդն է` նրա կեցությունը, բարեկեցությունը, երջանկությունը…: Այստեղ հանկարծ մտաբերեցի Էդուարդ Բերնշտեյնի թեզը` «Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ»: Ասել կուզի` դիալոգի արժեքը հենց դրա առկայությունն է, այլ ոչ նպատակը:

Բայցևայնպես հասկանալի է, որ մարդկային շփումները չեն կարող անվերջ անիմաստ ու աննպատակ լինել: Հետևաբար, ինքս ինձ համար առանձնացրեցի, որ թեև վերջնական նպատակի բացակայությանը կամ անհասանելիությանը, այնուամենայնիվ դիալոգը որպես պրոցես բազմաթիվ ընթացիկ խնդիրներ է լուծում և հենց դրանում է նրա արժեքն ու իմաստը: Կոնկրետ ի՞նչ խնդիրներ ճանաչողության պրոցեսում` հանգիստ թողնենք: Կենտրոնանք քաղաքական հարթության վրա: Ի վերջո մեր խնդիրը Հայաստանի օրվա քաղաքական իրավիճակի ախտորոշումն է:

Այստեղ արդեն ժամանակն է խոսել բուն քաղաքական դիալոգի մասին: Պարզվում է, որ քաղաքագիտությունը ևս դիալոգն, ըստ էության, դիտում է որպես ճանաչողության, ըմբռնման գործընթաց. «Այն գործընթաց է, որի ժամանակ քաղաքական սուբյեկտները հրապարակավ արտահայտում են իրենց հայացքները, կարծիքները, մոտեցումներն ու գնահատականները, մշակում են ծրագրեր, քաղաքական գործունեության, մրցակցության մեխանիզմներ և կանոններ համաձայնության են գալիս մյուս սուբյեկտների հետ»:
Այս սահմանումից ստացվում է, որ հենց դիալոգի ընթացքում են լուծվում քաղաքական հարթությունում բոլոր խնդիրները. սեփական մոտեցումների ու հայացքների տարածում, ծրագրերի մշակում և ներկայացում, քաղաքական մյուս սուբյեկտների (այսինքն` դիալոգի մյուս մասնակիցների) հետ համաձայնության հաստատում, ըստ որում` ոչ միայն ծրագրերի շուրջ, այլ քաղաքական մրցակցության մեխազնիզմների` խաղի կանոնների:

Փաստորեն դիալոգի և հատկապես քաղաքական դիալոգի խնդիրը, ցանկացողների համար` նաև նպատակը, դիալոգի մասնակիցների միջև համաձայնության կայացումն է (քաղաքականության հարթությունում` կոմպրոմիսները): Առաջ անցնելով պիտի նկատեմ, որ Հայաստանում եթե ինչ-որ բանի անհրաժեշտություն կա, ապա դա համաձայնությունն է: Ըստ որում` շատ կոնկրետ հարցերում. ա/ խաղի կանոններ, բ/ պատասխանատվություն: Բայց այս մասին` մի փոքր ուշ:
Պարզվում է մարդկությունն իսկապես դիալոգային ձևերի, ձևաչափերի, գործիքների ու տեխնոլոգիաների հարուստ փորձ ունի: Օրինակ առանձնացնում են. վիճաբանությունն ու բանավեճը. մի դեպքում առանձին խնդիրների շուրջ կարծիքների սուր փոխանակություն է ընթանում, մյուս դեպքում` կոնսենսուսի նպատակով ընդհանուր հիմքեր են որոնվում: Բնականաբար, բանակցություններն էլ ինքնին դիալոգի ձև են` մի առանձին էլեմենտ, տարատեսակ:

Հասարակագետներն անգամ առանձնացրել են դիալոգի լոյալ և ոչ լոյալ գործելաոճերը: Լոյալ գործելաոճի դեպքում դիալոգի մասնակիցը փաստարկները կենտրոնացնում է իր օգտին, իր փաստարկները համակարգում է, կառուցում օբյեկտիվ ու փաստական հիմքերի վրա, վեր է հանում ու ներկայացնում հակառակորդի փաստրակների խոցելի կողմերը և այլն: Ոչ լոյալ գործելաոճի հետևորդները, խուսափում են դիալոգի առարկայի մասին խոսելուց, ու վիրավորանքներ ու անձնական բնորոշումներ են տալիս, սպառնում են դադարեցնել երկխոսությունն ու հակառակորդի նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Հասկանում եմ, որ արդեն իսկ ինքնուրույն եզրահանգումներ անում եք: Բայց դեռ շուտ է` տեսական մասը դեռ չի ավարտվել:
Հաջորդ կարևոր հանգամանքը քաղաքական դիալոգի կառուցվածքն է: Ինչ է անհրաժեշտ քաղաքական դիալոգի համար` ա/ օպոնենտ սուբյեկտներ, ովքեր առաջարկում են տեսակետներ, լուծումներ և քննադատում են հակառակորդների մոտեցումները, բ/ լսարան, մարդիկ, որոնց ներկայությամբ և որոնց համար էլ ընթանում է դիալոգը գ/ զանգվածային հաղորդակցության ձևեր ու միջոցներ, որոնց միջոցով դիալոգի մասնակիցների ասելիքը փոխանցվում է միմյանց ու լսարանին:

***
Այսքան ընդարձակ անդրադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ինքս ընդամենը նոր եմ փորձում ճանաչել դիալոգը և ցանկություն առաջացավ ընթերցողի հետ կիսվել: Նաև այն պատճառով, որ ճանաչողության արդյունքում ստացած գիտելիքները համատեղ որպես գործիք օգտագործենք` հասկանալու համար Հայաստանում ծավալվող իրադարձություններն ու գործընթացները: Եվ քանի որ արդեն տեսական պաշարն ունենք, կարելի է անցնել բուն իրավիճակի ախտորոշմանը:

Դիալո՞գ, թե՞...

Դիալոգի անհրաժեշտ մեկ պայման գոյություն ունի, որի բացակայության դեպքում դիալոգի մասին խոսել չի կարելի: Ո՞րն է այդ պայմանը` համաձայնությունը: Իսկ համաձայնության համար անհրաժեշտ է, որ մասնակիցները լսեն ու հասկանան միմյանց:
Եթե դիմացինին չես լսում, իսկ լսելու դեպքում էլ չես հասկանում համաձայնություն կայանալ չի կարող: Առանց այս պայմանի դիալոգի մասին խոսք լինել չի կարող: Ընդամենը կարելի է խոսել բազմաթիվ մոնոլոգների մասին (կախված` մասնակիցների քանակից):

Բերենք ամենակենցաղային օրինակը: Եթե շուկայում դուք վաճառողին հարցնեք` «ի՞նչ արժե գազարը» ու ի պատասխան լսեք` «Արամուսի գազարն ա, բալես», բնականաբար ձեր մեջ դիալոգը չի կայացել, չնայած երկուսով էլ խոսում էիք միմյանց հետ: Դիալոգը չի կայացել, որովհետև ձեր զրուցակիցը կամ չի լսել ձեր հարցը, կամ չի հասկացել այն, կամ էլ` առնվազն իրեն դրել է չհասկացողի տեղ: Եվ, եթե գինը իմանալու ձեր ճշտող հարցին դուք էլի պատասխան չստանաք, համաձայնության չեք գա ու դուք գազարը չեք գնի, վաճառողն էլ այն չի վաճառի:

Հիմա փորձենք այս գործիքակազմը կիրառել օրվա քաղաքական գործընթացները հասկանալու համար: Առաջին արձանագրումը չափազանց պարզ է. Հայաստանի քաղաքական դաշտը դիխոտոմիկ, անտագոնիստական բնույթ ունի, կամ` գոնե մինչև վերջերս այդպիսինն էր: Ինչպե՞ս է այն բնութագրվում:

Դաշտում առկա են բազմաթիվ քաղաքական ուժեր, ներառյալ` իշխանությունը, որոնք հրաժարվում են միմյանց լսելուց, ճանաչելուց: Իշխանությունների համար ընդդիմությունը միշտ եղել է մարգինալների խումբ, դրսի շահերն իրացնող շարասյուն, ապակառուցողական, արմատական տրամադրություններ ունեցող և պետությանը սպառնալիք ներկայացնող: Իր հերթին` ընդդիմությունն իշխանությանը միշտ ներկայացրել է կոռումպացված, կլանային, շագործող և այլն` վստահեցնելով կամ առնվազն` տպավորություն ստեղծելով, որ նրանց տեղը բանտերում է: Ընդգծենք` վերջին 20 տարում այսպես եղել է միշտ. բոլոր իշխանությունների ու բոլոր ընդդիմությունների դեպքում:

Այս պայմաններում, բնականաբար, քաղաքական մրցակցությունը եղել է ուժային հարթությունում: Իշխանությունը մշտապես մահակներ է կիրառել ու հետապնդել ընդդիմադիրներին, ընդդդիմությունն էլ մշտապես օգտագործել է փողոցը` որպես մահակ, իշխանությանը ճնշելու մամլիչ: (Եվ քանի որ պետությունն ունի հարկադրանքի, ուժի օրինական կիրառման մենաշնորհ, այս դիմակայությունից իշխանությունը միշտ շահած է դուրս եկել, և այդպես էլ կլինի:) Սա արդեն բավարար է` արձանագրելու համար, որ հայաստանյան քաղաքական դաշտում երկխոսությունը, դիալոգը երբեք գերակա չի եղել:
Ավելին` դիալոգը, դիալոգային հարաբերությունները բացակայել են ոչ միայն ընդդիմություն-իշխանություն հարթությունում: Դրանք չեն եղել նաև առանձին վերցրած ընդդիմության ներսում, և իշխանության ներսում (երբ այն գոնե ֆորմալ առումով մոնոլիտ չի եղել): Ցանկացած մարդ էլ կարող է առանց հուշաթերթիկի թվարկել, թե ինչպիսի մերժողական ու տաղտկալի հակաքարոզչություն է եղել քաղաքական կյանքի մասնակիցների միջև և այսօր էլ կա:

Անկանոն ուժային պայքար

Այս տարվա փետրվարից Հայաստանում բեկումնային փոփոխություններ գրանցվեցին: Հունվարին տեղ գտած քաղաքական անդորրը որևէ կերպ չէր ենթադրում, որ գործընթացը նման արագություն և որակ կստանա: Չէր ենթադրում, որովհետև մենք սովորել էինք արդեն ուժային դիմակայությանն ու առջևում նման առիթ չէր նշմարվում (գուցե ոմանք նման առիթ ներկայացնեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բայց խնդրին տիրապետողները կարող են հաստատել` Հայաստանում ավելի վատ սոցիալական պայմաններ էլ են եղել, բայց բունտ չի հետևել):

Եվ չնայած դրան օրակարգում էր նախագահ Սերժ Սարգսյանի տարեվերջյան ելույթը` ՀՀԿ 20-ամյակի նիստում: Ելույթ, որտեղ խոսքը մոդեռնիզացիայի, բաց համակարգեր կերտելու և լայն մասնակցությամբ մարտահրավերներին դիմակայելու մասին էր: Սա արդեն ինքնին դիալոգ էր, առնվազն` դիալոգային հարաբերությունների մեջ մտնելու փորձ:

Այդ ժամանակ փորձագետները նշեցին, որ նախագահի դիտարկումներին առայժմ պետք է վերաբերել որպես ցանկություններ, իսկ իրական միտումների համար անհրաժեշտ է հետևել քայլերին: Իսկ դրանց գնահատականի համար պետք են արդյունքներ` համաձայնություն: Ինչի՞ շուրջ կարող է լինել համաձայնությունը ներքաղաքական դիալոգում: Դա կախված է տվյալ քաղաքական համակարգի առջև ծառացած մարտահրավերներից, խնդիրներից և դրանց հրատապությունից:
Հայաստանում խնդիրները խիստ բազմազան են և թվարկման անհրաժեշտություն չկա: Բայց երկու հարցում քաղաքական ուժերի համաձայնության անհրաժեշտությունը խիստ հրատապ է անկախություն ձեռք բերելուց ի վեր: Խոսքը քաղաքական մրցակցության (խաղի) կանոնների և քաղաքական պատասխանատվության մասին է:

Առաջինի դեպքում սահմանվում են, այսպես կոչված, կարելիների սահմաններն ու ձևակերպվում են «չի կարելիները»` տաբուները: Օրենսդրական մակարդակում դրանք, գուցեև կան, բայց բովանդակազուրկ իրավական կաղապարները մեկ հարթություն են, կյանքը` մեկ այլ: Ի վերջո կարելի է գոնե ամենատարրական հարցերում կոնսենսուսի գալ (դիցուք` Հայոց ցեղասպանության հարցի ներքաղաքական շահարկումներից հրաժարումը):

Գանք երկրորդ խնդրին` քաղաքական պատասխանատվությունը: Սա մի խնդիր է, որ վերջին 20 տարում իսկապես մեծագույն ներդրում է ունեցել քաղաքական համակարգի դեգրադացման ու «փակման» հարցում: Երևի պատճառներից մեկն այն է, որ խնդիրը ճիշտ չի ձևակերպվել: Եվ շատ հաճախ պատասխանատվությունն ընկալվել է օրվա իշխանությունների հետ գործարք: Պետք է նկատել, որ պատասխանատվության հարցում իշխանությունն ինքն էլ երբեմն միասնական չի եղել. կան փաստեր, երբ պատասխանատվությունից խուսափել է այդ պահին իշխանություն կրող անձը կամ ուժը:

Ի՞նչ է այն ենթադրում: Շատ պարզ մի բան. հրապարակային գնահատականներում լինել հնարավորինս օբյեկտիվ, հետևողական և խուսափել արմատականությունից: Մատչելի լինելու համար խոսենք կոնկրետ օրինակով: Վերցրեք ցանկացած ոլորտ կամ ցանկացած խնդիր: Կտեսնեք, որ անկախ օրվա իշխանության առաջադրած լուծումներից, դրանք օրվա ընդդիմության սրտովը չեն: Ամենաակնհայտ օրինակը` Երևանում փողոցային առևտուրը կանոնակարգելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ որոշումներն ընդունվել են դեռևս ՀՀՇ կառավարման տարիներին, դրանց իրագործման փորձեր եղել են բոլոր նախագահների, վարչապետների ու քաղաքապետերի օրոք: Բայց բոլոր դեպքերում էլ օրվա ընդդիմությունը թեման դարձրել է իշխանություններին քննադատելու առարկա: Նույնը` վերջերս:

Մինչդեռ առողջ բանականությունը հուշում է, որ ոչ մի քաղաքական ուժ չպետք է կասկածի տակ առներ օրենքի գերակայության ուղղությամբ ձեռնարկված որևէ քայլ: Իսկ այն, որ Կարեն Կարապետյանի վերջին նախաձեռնությունն ընդամենը օրենքի պահանջների կատարում էր` փաստ է: Այլ հարց է` օրենքը թերի՞ է, թե՞ ոչ: Եթե թերի է, կարելի է խոսել դրա կատարելագործման մասին: Բայց մերժել ու քննադատել օրենքի կատարումը, մեղմ ասած ողջամիտ մոտեցում չէ: Մինչդեռ այն բնորոշ է մեր ներքաղաքական գործընթացներին:

Կամ մեկ այլ օրինակ: Հայաստանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, որում երբևէ չի եղել: Խոսքը սոցիալ-տնտեսական վիճակի մասին է: Կառավարությունը ձեռնարկում է քայլեր և դրանց մասին էլ ծանուցում հանրությանը: Ընդդիմությունը, եթե իհարկե ունի քաղաքական պատասխանատվության զգացում, պարտավոր է վերլուծել այդ գործողությունները և հստակ նշել, որոնց հետ է համաձայն, որոնց հետ` ոչ: Իսկ ինչ է անում այսօր հայաստանյան ընդդիմությունը: Պարզապես բղավում է, թե կառավարությունը երկիրը տանում է անդունդ ու ոչ մի նորմալ քայլ չի իրականացրել: Համաձայնեք, որ անհեթեթություն է. անկախ կառավարության գործունեության արդյունավետությունից, այն հարյուր տոկոսով սխալ համարել չի կարելի: Ի վերջո գնահատականներ տալու գործառույթը միայն ընդդիմությանը չի վերապահված և այդ «պոլիֆոնիայում» լսելի են այլոց կարծիքները, որոնք մեղմ ասած ժխտում են օրվա ընդդիմության տեսակետը: Ասել, թե ընդդիմությունը չգիտի, որ այն մերժելի է, սխալ կլինի: Պարզապես գործ ունենք պատասխանատվությունից խուսափելու հետ և ամենևին էլ փաստ չէ, որ այդ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում միևնույն լուծումները չէր տալու: Օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը. ընդդիմությունն, ըստ էության, ողջունեց, բայց չաջակցեց:
Մի խոսքով` ենթադրյալ դիալոգի օրակարգում երկու հարց կա. Խաղի կանոների հստակեցում և քաղաքական պատասխանատվության ստանձնում: Մնացած ամեն ինչն ածանցյալ է:

Շրջադարձ

Արդեն նշեցինք, որ նախորդ տարեվերջին իշխանությունը, Սերժ Սարգսյանի ելույթով, համակարգի արդիականացման հարց բարձարցրեց: Նշեցինք նաև, որ այդ մասին կարելի կլիներ խոսել հաջորդիվ արված քայլերից հետո միայն: Պատկերացրեք` այդ քայլերը չուշացան: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, իշխանությունը դիալոգը սկսեց ներսից:
Մեզանում դեռևս արժանի կերպով ամբողջական վերլուծության չի ենթարկվել կոալիցիայի այս տարվա փետրվարին ընդունած հայտարարությունը: Այն իշխանության ներսում դիալոգի տիպիկ օրինակ է: Եվ եթե մոռացության մատնենք այդ հայտարարությունը «պոպուլյար» ժանրում մեկնաբանելու փորձերը, ապա հստակ պետք է ֆիքսենք, որ հայտարարության մեխը հետևյալ դրույթն է` «կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Իսկ եթե այն դիտարկենք մեր վերլուծության կոնտեքստում, հստակ կդառնա, որ այդկերպ առնվազն կոալիցիոն ուժերն ընդամենը համաձայնության են եկել խաղի կանոնների և պատասխանատվությունը կիսելու շուրջ:

Մատչելի լեզվով ասած, այս հայտարարությունը ենթադրում է, որ հաջորդ ընտրարշավում կոալիցիայի մասնակից ուժերը չպետք է արդարանան, թե մենակ չեմ ձևավորել կառավարություն, դրա համար խոստումներս չեմ կատարել:
Այսպիսով դիալոգը իշխանության ներսում եղավ ու պրոդուկտ տվեց: Այն մինչ օրս էլ շարունակվում է: Բայց չգիտես ինչու` մարդիկ ու ուժեր կան, ովքեր դեմ են դրան: Ներիշխանական դիալոգի հակառակորդները զանգվածների համար իրենց մոտեցումներն արդարացնելու նպատակով որոշ քարոզչական հնարքների են դիմում, բայց ակնհայտը չես թաքցնի:
Ընդդիմությունն այս առումով իշխանությունից հետ է մնացել: Հասկանալի է, որ ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն ինքնակազմակերպվելու նվազ ռեսուրսներ ունի: Բայց այդ հանգամանքն «անգործության» արդարացում լինել չի կարող: Որովհետև տուժողն իրենք են: Եթե ժամանակային առումով մի փոքր հետ գնանք, կտեսնենք, որ նման հնարավորություններ կային. դեռևս 2007 թվականից սկսած ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը խոսելու ու պայմանավորվելու թե՛ առիթ են ունեցել, թե՛ հնարավորություն (ամենացցուն փաստը, որը նաև անկակնկալ էր, Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությունն էր ՀՅԴ): Բայց փաստն այն է, որ դրանք չեն օգտագործվել, և այսօր ունենք մի իրողություն, երբ տարբեր ուժեր հայտարարում են իշխանությանն ընդդիմադիր լինելու մասին, բայց հիմնականում միմյանց են ընդդիմանում: Որովհետև չկա համաձայնություն. չկան խաղի կանոններ ու չկա պատասխանատվություն: Ընդգծենք` խոսքը ոչ թե կոնսոլիդացիայի մասին է (դաշինքների ձևավորում, ընդհանուր նպատակների ու խնդիրների սահամանում և այլն), այլ խաղի կանոններին` ինչ է կարելի, ինչը` ոչ:

Սա, իհարկե, վատ է, բայց իրավիճակը փակուղային չի դարձնում: Քանզի կա իշխանություն, որը կարող է ընդդիմադության հետ դիալոգի միջոցով ակամայից նախաձեռնել նաև ընդդիմության ներսում երկխոսությունն ու ընդհանուր համաձայնությունների ինիցիատորը դառնալ:

Եվ պատկերացրեք` իշխանությունն այդպես էլ վարվեց: Չնայած Լևոն Տեր-Պետորսյանի` այս տարվա մարտի 1-ին ունեցած ելույթին ու 15-կետանոց պահանջագրին (որն անշուշտ որևէ դիալոգ խափանելու հրաշալի գործիք է), իշխանությունը շարունակեց սեփական գիծը: Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հստակ կանոնների շրջանակներում խնդիրները քննարկելու ու քաղաքական մրցակցության պատրաստակամության մասին` ընդգծելով, որ արդյունքները որոշողը, արբիտրը ընտրողն է լինելու:

Հիմնական ընդդիմադիր ուժի կամ ավելի ճիշտ գործչի` Տեր-Պետորսյանի արձագանքն առավել քան դրական էր: Ընդդիմադիր հռետորաբանության շղարշի տակ վերջինս բավականին ընկալելի ձևով նույնպես նման պատրաստակամություն հայտնեց` պայմանով, որ իրավիճակը կբերվի առնվազն 2008 թվականի ստատուս-քվոյին: Որևէ մեկը չի կասկածում երևի, որ մարտի 1-ի քննության վերսկսումը, ընդդիմադիրների ազատ արձակումն ու հավաքների իրավունքի լայն իրացման հնարավորություններն ընդամենը իրավիճակը բերում էին մինչմարտիմեկյան դրությանը: Եվ հիշում ենք, որ իշխանությունը գնաց այդ քայլին և իսկապես արդեն մայիսի վերջին այդ խնդիրները լուծված էին: Տեր-Պետրոսյանի բառերով ասած` երկխոսության դուռը բացված էր:
Մինչ հետագա զարգացումներին անցնելն այստեղ հարկ ենք համարում արձանագրել, որ հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ շրջադարձը սկսվեց մի շատ պարզ իրողությունից` քաղաքական դերակատարները ճանաչեցին միմյանց ու միմյանց դիմելու ու լսելու պատրաստակամություն հայտնեցին: Տեսական մասից հիշում ենք, որ դիալոգի համար ճանաչելն ու միմյանց լսելն ուղղակի անհրաժեշտ պայման են

Դիալո՞գ, թե՞ դիխոտոմիա

Երկխոսության դուռը բաց է, բայց այնտեղից ներս մտնելու ցանկություն, կարծես թե, չկա: Համենայնդեպս, այդպիսին է տպավորությունը ՀԱԿ առանջորդի վերջին ելույթից, որտեղ վերջինս պատրաստակամություն հայտնելով երկխոսել իշխանությունների հետ` միաժամանակ երկու նախապայման դրեց. երկխոսությունը պետք է լինի ֆորմալ, դրա ընթացքում պետք է քննարկվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց:

Ի՞նչ է նշանակում պատվիրակությունների կազմով ֆորմալ երկխոսություն: Մեկ բառով այն անվանվում է բանակցություններ: Ճիշտ է` բանակցությունն էլ դիալոգի տարր է, ձևերից մեկը: Բայց արդյոք Հայաստանում այսօր ներքաղաքական այնպիսի իրավիճակ է, որի հանգուցալուծման համար բանակցություննե՞ր են անհրաժեշտ: Դժվար թե:

Պաղեստինում, օրինակ, դրա անհրաժեշտությունը կա. ՖԱՏՀ-ը տեր ու տնօրեն է երկրի մի հատվածում, իսկ մյուսում դրության տերը ՀԱՄԱՍ-ն է: Այստեղ բանակցությունները, այն էլ` պատվիրակությունների մակարդակով, ուղղակի անհրաժեշտություն են: Նույնը գուցե կարելի է ասել Կոլումբիայի վերաբերյալ: Այնտեղ էլ քաղաքացիական պատերազմին բնորոշ ինչ-որ գործընթացներ են ծավալվում և գուցե ինչ-որ մի փուլում բանակցությունների ու կրակի դադարեցման անրաժեշտություն ծագի:

Հայաստանում դրանց անցկացման հիմքը ո՞րն է: Միթե՞ ՀԱԿ-ում կարծում են, որ իրենք պետություն են պետության մեջ և այդ պատճառով են պետության հետ բանակցելու պահանջ ներկայացրել: Եթե այդպես է, կնշանակի իրողությունները կամ ՀԱԿ-ում են սխալ գնահատել, կամ էլ Հայաստանում պետության գործունեության մասին հասարակության ընկալումներն են սխալ եղել: Ո՞ւմով է փոխարինում իրեն ՀԱԿ-ը, երբ պետության հետ «ֆորմալ երկխոսության» պահանջ է դնում: Եթե «հասարակությանն» է ներկայացնում, գուցե ինչ-որ կերպ հիմնավորվեր, թե ո՞վ է լիազորել, ե՞րբ, ի՞նչ գործիքներով: Որտե՞ղ է լսված, որ մեկ առանձին քաղաքական ուժ ներկայացնի հասարակությանը: Նման մի փորձ եղել է և գիտենք` հասարակության որ մասն է հայտնվել «հակահեղափոխականի» կարգավիճակում: Քաղաքական ուժն, ըստ սահմանման հասարակություն չի ներկայացրել, չի ներկայացնում և չի կարող ներկայացնել երբեք: Առավելագույն շրջանակը, որին կարող է ներկայացնել քաղաքական ուժը, իր անդամներն ու համակիրներն են: Ու դեռ հարց է` տվյալ հասարակության մեջ նրանք ինչ տեսակարար կշիռ ունեն:
Եվ երկրորդը` չե՞ք կարծում, որ պատվիրակությունների մակարդակով բանակցությունների նստելու առաջարկին դրական արձագանք տալու դեպքում իշխանությունը պարզապես ընդունելու էր, որ ինքը որպես այդպիսին գոյություն չունի, չի տիրապետում իրավիճակին: Այսինքն` դելեգիտիմացվում է ոչ միայն իշխանությունը` որպես քաղաքական իստիտուտ, այլ նաև պետությունը, սահմանադրականությունը:

Կամ ի՞նչ է նշանակում բանակցել բացառապես արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ: Նախ այդ որտե՞ղ եք տեսել բանակցություններ` զուգորդված դիմացինի կապիտուլյացիան ենթադրող նախապայմաններով: Չնայած ՀԱԿ-ում սիրում են հայ-ադրբեջանական «դիալոգի» հետ համեմատություններ անել, ես ձեռնպահ կմնամ: Օրինակը կբերեմ կրկին Մերձավոր Արևելքից: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է պատասխանեն Իսրայելի իշխանությունները, եթե Պաղեստինի ղեկավարությունը հայտարարի, թե պատրաստ է պատվիրակությունների մակարդակով երկխոսել հրեական պետության հետ, բայց Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ու նաև Իսրայելը որպես պետություն չճանաչելու շուրջ:

Կամ այդ ով ասաց, որ երկրում ճգնաժամ է ու այդ ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցն էլ արտահերթ ընտրություններն են: Այդ ի՞նչ կարճատև վերահասա փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանում, որ քաղաքական ճգնաժամ է դիտվում: 2007 թվականի համեմատությամբ, երբ երկրում կայուն ու ոչ ճգնաժամային վիճակ էր, վերջին մի քանի տարիներին գրանցված միակ փոփոխությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի` իշխանության չգալու փաստն է: Որևէ այլ պարամետր կամ գործոն Հայաստանի ներքաղաքական դաշտում` համեմատած նախորդող տարիների հետ չի փոխվել:

Գուցե ոմանք նշեն, թե ընտրություններ են կեղծվել: Բայց իրականությունն այն է, որ այդ ընտրությունները կեղծվել են գրեթե միշտ: Այսինքն` գործ ունենք ոչ թե ճգնաժամի, այլ կայուն վատ վիճակի հետ: Այսինքն` գոյություն ունեն համակարգային խնդիրներ, այլ ոչ` ճգնաժամ: Իսկ համակարգային խնդիրները միայն ընտրություններով չէ որ լուծվում են: Թե՞ ՀԱԿ-ում երաշխավորում են, որ ենթադրենք վաղը Հայաստանում ընտրություններ կայանան, վերջ, որևէ մեկը դրանք չի կեղծելու կամ կեղծելու ցանկություն չի ունենալու: Կամ երաշխավորվո՞ւմ է արդյոք, որ իրենց իշխանության գալու հաջորդ օրն իսկ ամեն ինչ մի անգամից կարգավորվելու է՝ կոռուպցիան չքանալու է, բյուրոկրատական ապարատը քաղաքակրթվելու է, բիզնեսը դադարելու է օրքենքը շրջանցող ուղիների փնտրտուքը, թոշակները քառապատկվելու են, միջազգային շուկաներում էլ գները կայունանալու են:
Չենք կարծում, որ այսքանը ՀԱԿ-ում չեն հաշվարկել ու նրա լիդերներն էլ այս մասին չգիտեն: Հետևաբար հարց է ծագում` ի՞նչ դրդապատճառներով ու ի՞նչ նպատակով է փակվում երկխոսության դուռը, ինչո՞ւ են առաջ քաշվում նախապայմաններ, որոնք այս կամ այն կերպ բացառելու են հնարավոր երկխոսությունն ու պրոցեսները կրկին տանելու են ուժային հարթություն: Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը հաջորդ քայլով ու ի՞նչ է շահելու դրա արդյունքում: Ընդհանրապես ՀԱԿ-ի լիդերները հաշվարկ ունեի՞ն, թե ի՞նչ պետք է անեն հաջորդ քայլով, եթե իշխանությունը մերժեն իրենց ի սկզբանե մերժելի առաջարկները: Դատելով այս օրերին նկատվող անորոշությունից` նրանք նման հաշվարկներ չունեին:
Իհարկե, չի բացառվում, որ իշխանության հետ «պատվիրակությունների մակարդակով ֆորմալ երկխոսությունն» ամենևին էլ այն չէ, ինչ մենք ենք պատկերացնում, և չի էլ բացառվում, որ արտահերթ ընտրությունների պահանջը ոչ թե կապիտուլյացիոն վերջնագիր է, այլ մարտավարական հնարք: Բայց համաձայնեք, որ հանրության մոտ դրանք հենց այդպես են ընկալվել:

P.S. Հռչակավոր ֆիզիկոս Նիլս Բորը միկրոշախարհի պարադոքսների մասին իր հերթական դասախոսությունից հետո մի անգամ ուսանողներին հարցնում է` արդյոք իրեն հասկացա՞ն, թե՞ ոչ: «Հասկացանք»,- միաբերան պատասխանում են ուսանողները, որից հետո Նոբելյան մրցանակակիրը տխուր արձանագրում է. «Ուրեմն` ես ձեզ վատ եմ բացատրել… չէ՞որ այն, ինչ բացատրել եմ, այն աստիճանի բարդ է, որ դուք չպետք է ինձ հասկանայիք»:
Ուստի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններում այլ բան նկատի ուներ, ճիշտ ժամանակն է, որ թյուրըմբռնումները չեզոքացնելու նպատակով հավելյալ պարզաբանումներ տա: Չէ՞որ երկխոսության հաջողության համար շատ կարևոր է, որ մասնակիցները միմյանց ճիշտ հասկանան:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}