Բաքվում ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքացիների են ծեծել
Երեկ երեկոյան Բաքվում անհայտ անձանց կողմից հարձակման են ենթարկվել ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնն ու բրիտանացի իրավապաշտպան Սիլյա Դեվիսը: Միջադեպը տեղի է ունեցել Ազգային դրամատիկական թատրոնի մերձակայքում:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրատվականին հայտնի է դարձել, որ արտասահմանցիների վրա հարձակում են կատարել սպորտային արտաքինով մի խումբ երիտասարդներ, ովքեր առանց որևէ բացատրության ծեծի են ենթարկել նրանց: Ավելի վաղ, արտասահմանցիները նկատել են, որ իրենց հետապնդում են:
Նշենք, որ արտասահմանցի լրագրողն ու իրավապաշտպանը լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել:
Բաքվում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատները տեղի ունեցածն առայժմ չեն մեկնաբանել:
Բաքվում տուժողները համագործակցել են տեղի ոչ կառավարական կազմակերպությունների հետ, լրագրողների և հասարակական ակտիվիստների հետ՝ թրեյնինգներ անցկացրել:
Էրիկսոնը համագործում է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսին՝ «Վաշինգթոն փոստն» ու «Նյու-Յորք թայմսն» է: Հետաքրքրականն այն է, որ նրանց նկատմամբ բռնությունների իրականացումը համընկել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով օգնականի Բաքու կատարելիք այցի հետ:
Լրատվականը գրում է, որ Ադրբեջանում բռնությունները երբեք այդքան ակնհայտ չեն եղել և արտասահմանցիների նկատմամբ այդպիսի բացահայտ հարձակումներ չեն եղել ու ամենաամոթալին այն է, որ տղամարդկանց խումը ծեծի է ենթարկել կանանց:
Բաքվում արտասահմանցի լրագրողներին այդքան էլ համակրանքով չեն վերաբերվում: Հիշեցնենք, որ ապրիլին այդ երկրից դեպորտի ենթարկվեցին Շվեդիայի պետական հեռուստաընկերության երեք լրագրողները (նրանք «հանդգնել» էին նկարահանել Բաքվի կենտրոնում կայացած հանրահավաքը:):