Շտապօգնության պարկը համալրվեց 88 մեքենայով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։
Ինչպես կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի շտապօգնության պարկը համալրվել է 88 մեքենայոով: Ըստ նրա, վերջին 20 տարում Հայաստանի թե մարզերի, թե մայրաքաղաքի շտապօգնության պարկն այսպես չէր համալրվել: Այսպիսով, ըստ նախարարի, կկարողանան բարելավել բուժօգնության որորտը և մատչելիությունը բարելավել:
Նախարարի խոսքերով, շտապ օգնության ծառայության զարգացումը միայն մեքենաներով չի պայմանավորված, այդ իսկ պատճառով իրականացրել են մի շարք աշխատանքեր: Մասնավորապես, արդիականացվել է կապը, որպեսզի կանչերին անմիջապես արձագանքեն և մեքենաները կարողանան ժամանակին հասնել կանչի վայր: «Սա մեծ քայլ է մեր 03 ծառայությունն արդիականացնելու հարցում»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց նաև, որ շտապօգնության 88 մեքենաներն արդեն Հայաստանում են և մի քանի օր հետո դրանք կտրամադրվեն մարզերին ու մայրաքաղաքին։