Լրանում է ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանի 75-ամյակը
Հունիսի 19-ին լրանում է ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադի Մուրադյանի ծննդյան 75-ամյակը: Նա ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից է: Լինելով ֆիզիկոս-տեսաբան, զգալի ներդրում ունի նաև աստղաֆիզիկական խնդիրների լուծման մեջ: Ծնվել է 1936թ. հունիսի 19-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետ. համալսարանը (1959): 1962-ին հաջողությամբ պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուական թեզը: 1962-79-ին աշխատել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում (1966-ից` որպես ավագ գիտաշխատող), 1970-ին պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտորական թեզ, արժանացել է պրոֆեսորի կոչման, 1979-86-ին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ:
1984-1995-ին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում որպես առաջատար գիտաշխատող: Այնուհետև մեկնել է Բրազիլիա և աշխատում է Բայայի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում: Մուրադյանի աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, Տիեզերքի մեծածավալ կառուցվածքին, տիեզերաբանությանը, գերխիտ նյութի տեսությանը, տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրներին: Զբաղվել է տարրական մասնիկների բարձրագույն սիմետրիաների հարցերով: Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից մասնավորապես բխում է, այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձևը: Քննարկել է աստղերի, գալակտիկաների և Տիեզերքի առաջացումը նախնական հադրոնից, ինչպես նաև Տիեզերքում պտույտի առաջացման և մագնիսական դաշտերի կապը: ՈՒսումնասիրել է մագնիսական դաշտերի առաջացման և գերխիտ Տիեզերքի, ինչպես նաև տիեզերաբանական հաստատունի և Տիեզերքի պտույտի միջև կապը:
Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, կապված Վ.Հ. Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ և այլն) պտույտի առաջացումը քանակական առումով` հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի` պտտման մոմենտի և զանգվածի միջև գոյություն ունեցող կապի վրա: Նշված աշխատանքների արդյունքում Մուրադյանը հրապարակել է ավելի քան 100 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջազգային հեղինակավոր ամսագրերում: Մուրադյանը Լենինյան մրցանակի դափնեկիր է (1988): 1994-ին ընտրվել է Վատիկանի ակադեմիայի (Pontificia Academia) անդամ, իսկ 1996-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան