Վերականգնվում է Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցին
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով մեկնել է Դիարբեքիր: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպում է ունեցել Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ և շնորհակալություն հայտնել ցուցաբերվող աջակցության համար:
Վեցդարյա այդ եկեղեցու վերականգնման համար պահանջվել է 2.5 մլն դոլար: Ֆինանսական ծախսերը հոգում է Դիարբեքիրի հայերի հիմնած Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը: Ըստ նախատեսվածի` վերանորոգման աշխատանքները ավարտվելու են այս տարի: Եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի և կարելի կլինի պատարագ մատուցել: Հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանի տեղեկացմամբ` 1978 թվականից ի վեր այդ եկեղեցում կրոնական արարողություն չի կազմակերպվել:
Նշենք, որ Սբ Կիրակոս եկեղեցին միջին արևելյան տարածքներում գտնվող ամենամեծ հայկական եկեղեցին է, որտեղ տեղավորվում է ավելի քան 2 հազար մարդ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ուներ 7 խորան, որոնցից այժմ պահպանված են միայն 3-ը:
Սուրի քաղաքապետն Աթեշյանին հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների (հայեր, քրդեր) վիշտը կիսելու, մշակութային երկխոսություն ու համերաշխություն ապահելու և թույլ չտալու, որ անցյալի դառնությունները կրկնվեն: Դեմիրբաշը նշել է, որ, օրինակ, հայերեն լեզվով հեքիաթների գիրք են պատրաստել մանուկների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են