Մեկնարկում է Կիբերխաղերի Հայաստանի առաջնությունը
Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում է Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին։ Առանությունը միաժամանակ հանդիսանում է WCG (WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլ։
Համաձայն առաջնության կանոնների՝ միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ։ Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա հունիսի 22-26-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին հայաստանյան առաջնության կազմակերպիչները։
ՀՀ կիբերխաղերի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը տեղեկացրեց, որ հայաստանյան մրցույթի մասնակիցների առցանց գրանցումը մրցումների պաշտոնական կայքում ավարտվել է և առաջնությանը մասնակցելու համար արդեն գրանցվել է 250 հոգի:
«Այս անգամ մրցաշարի մասնակիցների թիվը սպասվածից ավելին է. նախորդ առաջնությանը մասնակցել է 185 խաղացող: Առաջնության դրամական ֆոնդը 3,6 միլիոն դրամ է՝ նախորդ մրցաշարերի համեմատ 3,5 անգամ ավել։ Մրցանակները Սամսունգ բրենդի ապրանքներ են՝ 30 մոնիտոր, 4 նոթբուք և 2 նեթբուք»,-նշեց Էդգար Սահակյանը։
Այս տարի պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 11 և StarCraft2, իսկ ոչ պաշտոնական՝ Counter –Strike 1.6 և WarCraft3-DotA։
Ազգային առաջնության գլխավոր հովանավորն այս տարի «ԱրմենՏել» ընկերությունն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ այսօր արդեն ընկերության կողմից ստեղծվել են Ինտերնետ որակյալ հասանելիության բոլոր նախադրյալները։
«Մենք շահագրգռված ենք այնպիսի նախագծերի աջակցությամբ, որոնք համեմատելի են Հայաստանի համակարգչային խաղերի ազգային առաջնության հետ, և կօժանդակենք հանրապետությունում կիբերսպորտի զարգացմանը։ Լինելով բիզնես հատվածի ներկայացուցիչներ, բավականին մեծ նշանակություն ենք տալիս համակարգչային տեխնոլոգիաների, ինտերնետ հասանելիության, համացանցի նկատմամբ երիտասարդության հետաքրքրության զարգացմանը։ Այս խաղերի մասնակիցները հետագայում իրենց գտնելու են ՏՏ ոլորտում»,-կարծիք հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
FIFA 11 և StarCraft2 մրցույթների հաղթողներն իրավունք կստանան ներկայացնելու Հայաստանը WCG գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-11-ը Կորեայի Բուսան քաղաքում։
Ի դեպ, մրցաշարին կարող են մասնակցել 3 տարեկանից բարձր մասնակիցները: Առ այսօր ՀՀ կիբերխաղերի ամենապատանի մասնակիցները եղել են 10 և 11 տարեկան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է