Իրանի մեջլիսի 33 պատգամավորներ ԱԳ նախարարին անվստահություն են հայտնել
Այսօր առավոտյան Իրանի մեջլիսում կայացած նիստի ընթացքում 33 պատգամավորներ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ անվստահություն են հայտնել ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Պատգամավորները հայտարարության մեջ, մասնավորապես, նշել են. «Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեի` ԱԳ փոխնախարար նշանակելիս ուշադրություն չի դարձվել այն փաստի վրա, որ Մշակութային ժառանգության կազմակերպությունից նրան տեղափոխելով ԱԳՆ` վտանգվում է համակարգը, քանի որ նրա նախկին գործընկերներից մի քանիսը ձերբակալված են, իսկ ինքը` Մալեքզադեն, մեղադրվում է ֆինանսական չարաշահումների մեջ»:
Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարջանին, ի պատասխան պատգամավորների հարցադրումներին, նշել է. «Մենք երեկ հորդորեցինք, որ ԱԳ նախարարի նկատմամաբ անվստահություն չհայտնեք, մինչև խնդիրը լուծվի, սակայն, եթե պնդում եք, անվստահության գործընթաց կսկսվի»:
Հիշեցենք, երեկ Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին մեկ օր ժամանակ էր տվել ԱԳ նախարարին, որպեսզի պաշտոնանկ աներ ֆինանսական հարցերով փոխնախարարին, եթե ոչ կսկսվեր անվստահություն հայտնելու գործընթացը: