Եվրահանձնաժողովի հանձնակատարը դատապատել է Էրդողանի վանդալիզմը
Եվրամիության (ԵՄ) հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խաղաղություն խորհրդանշող Կարսի աղմկահարույց արձանի ապամոնտաժման վերաբերյալ իրեն հղված գրավոր հարցերին պատասխանելիս, նշել է. «Եվրահանձնաժողովը մտահոգվել է Թուրքիայում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված միակ հուշարձանի քանդման կապակցությամբ: Ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական մի մարմին կամ ղեկավարություն չի կարող որոշել այդ կոթողի գեղագիտական արժեքը: Արվեստի գործ ոչնչացնելը շատ լուրջ որոշում է»:
Հիշեցնենք, որ Կարսի քաղաքապետարանի ավագանու խորհրդի որոշմամբ այդ հուշարձանն ապամոնտաժվել է: Այժմ նախատեսվում է հանված արձանի տեղում կանգնեցնել 1.5 մետրանոց պանրի և 3.3 մետրանոց մեղրի արձաններ: Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը պարզաբանել է. «Քաղաքի մուտք գործողներին այդ արձանը կպատմի մեր պանրի հեղինակության մասին»: