Սերժ Սարգսյան. Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան
Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Համալսարանի գիտական խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է Արամ Հրաչիկի Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է Մայր բուհի զարգացման ծրագրի իր հայեցակարգը, պատասխանել` խորհրդի անդամների հարցերին: Ներկայացված ծրագրի և ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` 7 խորհրդի անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին` վստահություն հայտնելով, որ առաջիկա հինգ տարիներին Մայր բուհն ունենալու է լուրջ ձեռքբերումներ:
«Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան: Սա´ է մեր ցանկությունը, և ես իմ կողմից, Կառավարությունն իր կողմից վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք այս նպատակին հասնենք»,-ասել է Նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան