13 մագիստրոսների հանձնվեցին գերազանցության դիպլոմներ
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում մագիստրոսական թեզեր պաշտպանած 97 շրջանավարտներ այսօր ստացան ավարտական դիպլոմներ: Իսկ 13 մագիստորսներին գերազանցության դիպլոմներ հանձնեց ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը շնորհավորեց շրջանավարտներին, նշելով, որ սրանով նոր և ավելի պատասխանատու էջ է բացվում նրանց համար, որովհետև համալսարանում ստանալով գիտելիքներ, դրանք պետք է կիրառեն կյանքում: «Դա մի կողմից մեծ պատասխանատվություն է հատկապես մեր ազգի նկատմամբ, մյուս կողմից ձեր վարքով, ձեր գիտելիքով պետք է բարձր պահեք Մանկավարժական համալսարանի հեղինակությունը: Գաղտնիք չէ, որ համալսարանների միջև կա մրցակցություն: Դրա համար կարևոր չափանիշ է, թե շրջանավարտները ինչ տեղ են զբաղեցնում այս կյանքում և ինչպիսին է դրանում նրանց դերակատարությունը: Այդ առումով մեր հույսերը կապված են շրջանավարտների հետ: Առաջին հերթին այն շրջանավարտների, ովքեր գերազանցությամբ են ավարտում համալսարանը»,- ասաց Տ.Սարգսյանը:
Վարչապետը կարևորեց նաև այն հարցը, թե այս համալսարանի շրջանավարտները ինչպես են իրենց դրսևորում դպրոցներում: «Այդ հաստատություններում իրականացվող բարեփոխումների արդյունքերը էապես պայմանավորված են լինելու ձեր աշխատանքով»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կգա ժամանակ, երբ ավագ դպրոցում դասավանդելու իրավունքը կվերապահվի մագիստրոսներին: «Վերջինիս պատրաստվածությունը պետք է որոշակիորեն տարբերվի բակալավրից»,- ասաց ռեկտորը և հավելեց, որ այս բուհի շրջանավարտները աշխատաշուկայում միշտ էլ պահանջարկ ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան