ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում. Մենք սովորում ենք

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, որտեղ ելույթ է ունեցել և պատասխանել Վեհաժողովի պատվիրակների հարցերին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացնում ենք ամբողջությամբ:


«Պարո՛ն Նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունեցող այս կազմակերպության` Եվրոպայի խորհրդի հեղինակավոր ամբիոնից եվրոպական լսարանին խոսք հղելու հնարավորության համար:

Քսան տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը և վերստին միանալով ինքնիշխան պետությունների հանրությանը: Տասը տարի անց, 2001 թվականին, Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին: Եվ այսօր ես այստեղ հիշատակում եմ այդ նշանակալի հոբելյանները՝ վերջին երկու տասնամյակներում մեր ժողովրդի ու պետության նվաճումների համար հպարտության զգացումով:
Իմ ժողովուրդն անցել է ամենատարբեր բռնապետական համակարգերի միջով և հենց այդ պատճառով լավ գիտի ազատության գինը: Իմ ժողովրդի պատմությունը արարման ու պայքարի պատմություն է: Ազատություն և խաղաղություն՝ ահա դարերի մեր երազանքը, և մենք գնում ենք մեր երազանքի իրականացման ճանապարհով:

Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական և անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլև լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական և ապօրինի շրջափակումը մեր երկու հարևանների կողմից): Բայց բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր հասարակությունը գիտի, թե ուր է գնում և ինչու է ընտրել զարգացման հատկապես այդ ուղին: Մենք վերադառնում ենք եվրոպական քաղաքակրթական-մշակութային տարածք, որտեղ եղել ենք դարեր շարունակ` ակունքներից սկսած:

Այո՛, Եվրոպայի խորհուրդը մեր ընդհանուր արժեհամակարգի ինստիտուցիոնալ մարմնացումն է: Իր առաքելությամբ այն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ փաստացիորեն սահմանելով Եվրոպան ոչ թե որպես սոսկ աշխարհագրական եզրույթ, այլ առաջին հերթին` որպես ընդհանուր արժեքների ու ինքնության մշակութային-քաղաքակրթական տարածք:
Ժամանակին իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել այդ արժեքներն ու գաղափարները դավանելու համար. արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին պատմական այդ պահին այդ տարածաշրջանում, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ և սահմռկեցուցիչ եղանակով: Եվրոպայի խորհուրդը գալիս է հաստատելու նաև եվրոպական մայրցամաքում այլևս երբեք նման զարգացումներ թույլ չտալու պատգամը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել և մնում է առանցքային գործընկեր Հայաստանի պետականաշինության և ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանում ոմանք նույնիսկ կատակում են, թե մեր երկրում առկա է քաղաքական համակարգի երեք տարր՝ իշխանություն, ընդդիմություն և Եվրոպայի խորհուրդ: Այս կատակը, սակայն, իրականում արտացոլում է այն մեծ ներգրավվածությունը, որն ունի Եվրոպայի խորհուրդը մեր երկրում իրականացվող փոփոխությունների գործընթացում:

Հարգելի՛ գործընկերներ,
2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների և մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել և չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի և գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին և Ֆիշերին, ինչպես նաև հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ և հետևողական ներգրավվածության համար:
Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարևորությունը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որևէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաև վերջին երեք տարիների և մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաև շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ և շարունակական բարեփոխումների առանցքը:

Մենք սովորում ենք:
Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:
Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում:
Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:
Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:
Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:
Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:
Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ և շատ կարևոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել և որը մեծ ջանք ու հետևողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այո՛, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացրել է ժողովրդավարության լայնամասշտաբ շինարարություն: Անկախության ձեռքբերումից ի վեր, և հատկապես 2005 թվականին Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո, զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, իրավական պետության հետագա կայացման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար և ազատական աշխարհի կանոններին: Այս գործընթացում մեզ համար խիստ կարևոր են եղել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ տարբեր կառույցների, վերջին շրջանում նաև Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվական, ինստիտուցիոնալ և ռեսուրսային աջակցությունը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերպետական այդ եզակի ու կարևոր հաստատության դրական ազդեցությունն այսօր ուղղակիորեն զգացվում է մեր երկրում:

2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը: Կարևոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:
Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա` ելնելով հավաքների ազատության և ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական և հասարակական ուժերի օրինական գործողությունները:

Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաև կոռուպցիոն ռիսկերի և բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված: Ստեղծվել և արդյունավետորեն գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդ ու Հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողով: Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը:
Լուրջ աշխատանքներ են իրականացվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե օրենքը կատարելագործելու ուղղությամբ: Ընդունվեց զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ինչը նշանակալի քայլ էր խոսքի ազատության ասպարեզում:
Մեր թիմը, Եվրամիության խորհրդատուների ակտիվ ներգրավմամբ, աշխատում է առաջիկա երեք տարիների համար լայնածավալ բարեփոխումների խթանման ռազմավարության ծրագրավորման ուղղությամբ, ինչը մեկ ընդհանուր դաշտ կբերի և կներդաշնակեցնի ամենատարբեր ուղղություններով ընթացող փոփոխությունների գործընթացը:
Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում և քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների, որոնք գուցե և պակաս ցավոտ չլինեն, քան մինչ օրս էին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը և խթանող ուժը Հայաստանի ժողովուրդն է: Ես իրավամբ հպարտանում եմ Հայաստանի հանրության հասունությամբ և հավասարակշռված պահվածքով, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների սկզբունքային մոտեցումներով: Դրանք ժողովրդավարության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման և հարատևության գործում բազմակողմանիություն և արագություն են ապահովում: Այսօր հենց այդ բազմակարծության պայմաններում ենք մենք կառուցում և զարգացնում մեր հաստատություններն ու ժողովրդավարությունը:

Ակնհայտ է, որ այդ ճանապարհին առաջին կարևոր հանգրվանն է լինելու գալիք տարվա գարունը, երբ Հայաստանում տեղի կունենան խորհրդարանի հերթական ընտրությունները:
Հայաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետության իշխանություն, միանշանակ կարևորում են արդար և թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում: Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրություններ ապահովելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նաև, որ դրանք հենց այդպիսին ընկալվեն հասարակության կողմից: Այս տեսանկյունից պետք է միանշանակորեն առանձնացնել նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը: Նշեմ, որ նոր ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր նախկին զեկույցները, և մենք հավատում ենք, որ այն թույլ կտա ոչ միայն անցկացնել իրապես լավ ընտրություններ, այլև կերաշխավորի հանրության կողմից ընտրությունների արդյունքների լիարժեք ընդունումը:

Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետևողական աջակցության և խորհրդատվության համար:
Կարևորագույն այդ ուղղությամբ համագործակցելու ենք նաև մեր երկրի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ հաստատությունների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները և ստեղծել ընտրությունների ներքին և միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում և ամրապնդեն մեր ձեռքբերումները:

Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ: Չենք փնտրում նաև քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը: Ավելին, մենք չենք փորձում պատսպարվել այսպես կոչված «օբյեկտիվ» սահմանափակումների հետևում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարևաններ: Համոզված եմ, այնուամենայնիվ, որ վերջին հաշվով այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես մնայուն է: Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ թե՛ Խորհուրդը, թե՛ Վեհաժողովը ցուցաբերեն համարժեք քաղաքական արժանահավատություն և օգտագործեն արդար ու համահավասար կանոններ անդամ-երկրներին գնահատելիս:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեզ համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսևորած ջանքերի համար: Շատ կարևոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում:
Կարևորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը և պետք է տա այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, հանդուրժողականության արմատավորումն է: Այս տեսանկյունից մենք ցավով և անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության օջախներ:

Ընդամենը վերջերս` Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ:
Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը: Բայց սա մեզ նաև անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝
- Ադրբեջանը մեր անմիջական հարևանն է,
- քանի որ մեր անմիջական հարևանությամբ է դեռևս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը,
- քանի որ մենք կարևորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը:
Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ:
Անգամ այս պայմաններում մենք, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը:

Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Եվրոպայի խորհրդից.
- Առաջին հերթին չվնասել գործընթացը: Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձևավորվող երկարաժամկետ լուծումներից:
Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների ճնշող մեծամասնությունը, երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որևէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից և բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաև պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետևաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ:
- Իսկ հնարավո՞ր է օգնել:
Իհա՛րկե հնարավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միևնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որևէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,
Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռևս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը:
Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարևոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլև ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգևորիչ և մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:

Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության և անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլևս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը:
Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի և պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, և այդ նպատակով այսուհետ ևս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ցանկանում եմ ավարտել խոսքս` վերահաստատելով իմ խոր հավատը ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ և բարեկեցիկ Եվրոպայի ապագայի հանդեպ: Եթե Եվրոպան գաղափար է, եթե Եվրոպան ընդհանուր արժեքային տարածք է, ապա դա այդպես է ողջ Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ և անդին, առանց խմբային բաժանումների կամ մասնատման: Եվրոպան չի կարող և չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, անկախ նրանից՝ դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ: Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարևոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի և Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջև մեր պատասխանատվությունը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}