Նոր համալրումներ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի` Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի ցանկում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹՒ) հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, վերջին վեց ամսվա ընթացքում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ Եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթհայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր և որդի Օհաննես և Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ:
«Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը:
Վերոնշյալ թանգարանային արժեքների ձեռքբերումը խիստ կարևոր է թանգարանային արխիվն առավել հարստացնելու և նոր ցուցադրություններ կազմակերպելու համար: ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի նյութերն արդեն ներառվել են «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցադրության մեջ:
«Անցյալով ապրելը, անշուշտ, սխալ է: Այնուամենայնիվ, մեր երեխաների համար խաղաղ և ապահով կյանք ստեղծելու համար անհրաժեշտ է այսօր վերականգնել արդարությունը: Ամեն հայ պետք է իր պարտքը համարի մասնակցել այդ գործին` դրանով հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակված նախնիներին: Ինձ համար սա նաև անձնական պատասխանատվություն է իմ ընտանիքի առջև»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի աջակցությամբ, ՀՑԹԻ-ն 2010-2011թթ. ընթացքում լույս ընծայեց «Կիլիկյան» մատենաշարի երեք հատորները, որոնք կարևոր օտար սկզբնաղբյուրներ են ներկայացնում 1909 թվականի Ադանայի կոտորածների մասին: Այդ հրատարակություններն են` Ժորժ Բրեզոլի «Այստեղով թուրքերն են անցել...» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդեսի «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն և հայերեն):
Սկզբնաղբյուրային նշանակության այս մենագրությունները վաղուց վերածվել էին բիբլիոգրաֆիկ հազվագյուտ միավորների, և առաջացել էր դրանք վերահրատարակելու, կրկին շրջանառության մեջ դնելու անհրաժեշտություն:
Հարկ է նշել, որ Ռալֆ Յիրիկյանի մեկենասությամբ ձեռք բերված հնատիպ գրականությունն ըստ արժանվույն կներկայացվի Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շարքում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվելիք «Գիրքը որպես ցեղասպանության վկայարան» ցուցադրության ժամանակ: Այն կմեկնարկի 2012թ. ապրիլի 23-ին:
Միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնեց թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին տրվող ոսկե մեդալ: