Ադրբեջանում «Եվրատեսիլը-2012»-ի կազմակերպման համար «կամավոր» հանգանակություն են կազմակերպել
Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի համար գործադիր ղեկավարներից և ձեռնակատերերից 7000-ական մանաթ (մոտ 8500 դոլար) է հավաքվում:
Ադրբեջանի իշխանությունները որոշել են եկող տարի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի համար Կասպից ծովում համերգասրահ կառուցել, ինչի համար պետբյուջեից 215 մլն մանաթ (մոտ 260 մլն դոլար) է հատկացվել: Այս մասին հայտնում է «tia.az» կայքը:
«Սակայն հավաստի աղբյուրները հայտնել են, որ միևնույն ժամանակ Եվրատեսիլի համերգասրահի շինարարության համար Ադրբեջանի շրջաններում փող է հավաքվում: Ադրբեջանի շրջանների` հատկապես նոր նշանակված գործադիր ղեկավարները բոլոր հաստատությունների և ձեռնարկությունների ղեկավարներին ասել են, որ ծովում կառուցվելիք շենքի համար ֆինանսական միջոցներ են պետք և նրանցից յուրաքանչյուրից պահանջել «ընդհանուր ֆոնդին» 7000-ական մանաթ փոխանցել»,- հայտնում է կայքը:
Կայքին հայտնի է դարձել, որ այդ ուղղությամբ առաջին քայլը կատարվել է Նաֆթալանում: Այդ շրջանի նորանշանակ գործադիր ղեկավար Իսմայիլ Վելիևը օրերս հավաքել է շրջանի հաստատությունների և ձեռնարկությունների ղեկավարներին և պահանջել 7000-ական մանաթ մուծվել Եվրատեսիլի համար: Ըստ աղբյուրի, թեև վերջիններս առանձին դժգոհել են գործադիր ղեկավարի այդ պահանջից, սակայն, վախենալով աշխատանքից հեռացման հեռանկարից, համաձայնվել են տալ պահանջվող գումարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան