Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգը վերականգնվում է. աշխատանքը կավարտվի օգոստոսի վերջին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ–Հայաստան»-ի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին, ինչպես նաև այցելեց Արտաշարի վերականգնվող պոմպակայանի շինհրապարակ: Փոխվարչապետին ուղեկցում էին ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «ՀՄՀ–Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով հորատվում են նոր խորքային հորեր, վերականգնվում է ներտնտեսային ցանցը, ինչպես նաև իրականացվում են կոլեկտորների, ջրհավաքների և չորացուցիչների մաքրման ու խորացման, արտեզյան հորերի վերականգնման և այլ աշխատանքներ: Փովարչապետին ներկայացվեց ծրագրի երկրորդ փաթեթի ընթացքը:
Նշվեց, որ աշխատանքների հիմնական մասը կատարված է, ծրագիրը կավարտվի օգոստոսի վերջին: Ակնկալվում է, որ դրենաժային համակարգի վերականգնման արդյունքում կավելանան ոռոգելի հողատարածքները, կկարգավորվի ստորգետնյա ջրերի մակարդակը, կնվազի բնակավայրերի ջրածածկման վտանգը:
Արտաշարի պոմպակայանի շինհրապարկում Ա. Գևորգյանին զեկուցվեց, որ ամբողջությամբ վերականգնված ու վերազինված պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչև օգոստոսի կեսերը: Տեղեկացվեց, որ ոռոգման կազմակերպման առումով խնդիրներ չեն եղել, քանի որ այս ընթացքում գործում է ժամանակավոր պոմպակայանը:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ծրագրերի ավարտին նկատելի կբարձրանա ոռոգման կազմակերպման արդյունավետությունը, ինչն անմիջականորեն կանդրադառնա դաշտավայրի գյուղացիական տնտեսությունների գործունեության վրա: