Վարչապետ «ՏՏ լայնածավալ կիրառումը բարձրացնելու է նաև մեր տնտեսության արտադրողականությունը»
Այսօր 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի պաշտոնական բացումն իրականացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուրախալի է, որ ամեն տարի մեր ֆորումն անցկացվում է լի դահլիճում, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ամփոփելու անցած տարին, բացահայտելու ՏՏ ոլորտում ձեռքբերումներն ու բացթողումները։ Այս առումով ֆորումը նաև կարևոր հարթակ է մեզ համար։ Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում թվայնացումը բերել է արտադրողականության աճի։ ՏՏ լայնածավալ կիրառումը բարձրացնելու է նաև մեր տնտեսության արտադրողականությունը»,-նշեց Տիգրան Սարգսյանը։
Գնահատելով ՏՏ ոլորտի վերջին երեք տարվա ձռքբերումները զրագացման տեմպի ցուցանիշներով, վարչապետը նշեց, որ այդ առումով ոլորտը մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը։ Այդ մասին են վկայում նաև բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը և ինտերնետի լայնաշերտ հասանելիությանը ցուցանիշը։
«2009 թվականի վերջում բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 1 մլն 100 հազար էր, անցյալ տարի` 1մլն 343 հազար։ Այս տարվա առաջին եռամսյակն ավարտել ենք 1մլն 700 հազար բաժանորդ ունենալով։ Փաստորեն երեք տարիների ընթացքում բավականին բարձր են աճի տեմպերը։ Եթե վերցնենք ինտերնետի լայնաշերտ հասանելիության ցուցանիշները, ապա 2009 թվականն ավարտել ենք ունենալով 70 հազար բաժանորդ, 2010-ին` 170հազար, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով արդեն ունենք 240 հազար բաժանորդ»,- տեղեկացրեց վարչապետը և հավելեց, որ այս ցուցանիշների կողքին նաև չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակի ավելացումն ուղեկցվում է գների նվազմամբ։
Հիշեցնենք, որ DigiTec բիզնես ֆորումի գլխավոր գործընկերն այս տարի «ԱրմենՏելն» է /ապրանքանիշը Beeline/, ֆորումի պաշտոնական գործընկերը` «Microsoft» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: