Հայկական ՏՏ ընկերությունները համաշխարհային շուկայում` սեփական արտադրության տեխնոլոգիաներով
Հունիսի 24-25-ը Երևանում անցկացվող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում հայաստանյան ՏՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց լուծումները բիզնեսի համար:
Բիզնես ֆորումին մասնակցեց նաև «Ինտերակտիվ Վորլդ» ընկերությունը`առաջին ընկերությունը տարածաշրջանում, որը մասնագիտացված է ինտերակտիվ պրոեկցիոն համակարգերի ոլորտում:
Ընկերությունը տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչներին հրամցրեց «Իննովացիոն մարքեթինգ» խորագրով ցուցադրություն` ներկայացնելով նորագույն տեխնոլոգիաների ֆինանսական և մարքեթինգային առավելությունները, ինչպես նաև Հայաստանում հասանելի նորագույն տեխնոլոգիաները:
Ընկերության արտաքին կապերի և մարքեթինգի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ «Ինտերակտիվ Վորլդ»-ը համաշխարհային շուկային ներկայանում է նաև սեփական արտադրության տեխնոլոգիաներով, ինչպիսիք են վերջերս մեծ տարածում վայելող թաչսքրին համակարգերը, 3Դ հոլոգրաֆիկ բուրգը, 3Դ պրոեկցիան, համալրված իրականություն տեխնոլոգիան:
Թաչսքրին համակարգերի առանձնահատկությունն այն է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դառնում ցանկացած մակերևույթ վերածել սենսորային էկրանի: 3Դ հոլոգրաֆիկ բուրգ տեխնոլոգիան հնարավոր է դարձնում հատուկ ձևաչափի անիմացիայի ներկայացումը ապակե բուրգի ներսում:
«Իսկ 3Դ պրոեկցիան հնարավորություն է տալիս ցանկացած չափի ձևի պատկեր, անիմացիա կամ հենց գովազդային հոլովակ պրոեկտել խանութի ցուցափեղկի, փողոցի, անգամ շենքի վրա, և, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով անցորդների մոտ, գրավել վերջիններիս ուշադրությունն ու ինչու չէ փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասաց Տ.Հարությունյանը:
Ինչ վերաբերում է «համալրված իրականություն տեխնոլոգիային», ապա այն թույլ է տալիս ծրագրային ապահովման, մոնիտորի և տեսախցիկի միջոցով իրականությունը համադրել վիրտուալ տարրերով: Հատուկ տարբերանշանը ճանաչելուց հետո ծրագիրը համակարգչի մոնիտորին ցույց է տալիս իրականության վրա ավելացված ցանկացած ձևաչափի տեղեկատվություն: