Կոլեգիայի նիստում շնորհավորել են Արամ Սիմոնյանին
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ընթացիկ տարվա կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված են եղել «ԵՄ կրթական համակարգի ՀՀ կրթական համակարգում ընդլայնման ծրագրի» և «Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի» մասին հարցերը: Նիստի սկզբում նախարարը և կոլեգիայի անդամները շնորհավորել են Արամ Սիմոնյանին ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոլեգիայի անդամների ուշադրությունը հրավիրելով քննարկվող հարցերին՝ նշել է, որ հանրակրթության բարեփոխումների կարևորագույն խնդիրներից են հանրակրթության պետական չափորոշիչների վերանայումը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին հարցի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Ներկայացնելով ԵՄ կրթական համակարգի ՀՀ կրթական համակարգում ընդլայնման ծրագրի շրջանակում առկա իրավիճակը և ձեռքբերումները, նա նշել է, որ 2005 թվականին Հայաստանը վավերացրել է 1997 թվականի Լիսաբոնի կոնվենցիան և նույն թվականին միացել Բոլոնիայի գործընթացին, ինչպես նաև, ինտեգրվելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, ներդրել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ:
Նախարարի տեղակալը ներկայացրել է «ՀՀ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի 2010-2020թվականների գործողությունների ծրագիրը»՝ անդրադարձ կատարելով Որակավորումների ազգային շրջանակի, ՀՀ կրթական համակարգի միջազգայնացման և շարժունության, մասնագիտական կրթության որակի, սոցիալական ուղղվածության, ուսանողակենտրոն ուսուցման, ապահովման, բարձրագույն կրթության ֆինանսավորման և միջազգային համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում օտար լեզվի դասավանդման խնդիրներին՝ Կարինե Հարությունյանը նշել է, որ Եվրախորհրդի հետ միասին փորձում են Հայաստանում ներդնել օտար լեզվի դասավանդման շրջանակային մեթոդը, որը կիրառվում է եվրոպական շատ երկրներում, և ամեն մի մակարդակի համար հստակ բնութագրել համապատասխան գիտելիքների և կարողությունների մակարդակը, որն ընդունելի է եվրոպական տարբեր երկրներում:
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել է զեկույց «Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի» վերաբերյալ: Ըստ Ռ. Ստեփանյանի՝ նախագծի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի սահմանել հանրակրթական բոլոր ծրագրերի համար կիրառելի միասնական չափորոշիչ, համապատասխանեցնելով նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին, ապահովել կրթության որակ և զարգացման հնարավորություններ:
Կոլեգիայի նիստին նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է նաև ծրագրերի բեռնաթափման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները: