Բարձրագույն կրթության բնագավառում դրամաշնորհի ոչ մի հայտ չի ներկայացվել, գումարը կտրվի գիտությանը
Այսօր հրապարակվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքները։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հայտարարել է դրամաշնորհների բաց մրցույթ կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար։ Մրցույթին մասնակցելու համար ընդունվել է 26 հայտ։ Հաղթող է ճանաչվել 8 կազմակերպություն։ Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կստանան առավելագույնը 500 հազար դրամի չափով դրամաշնորհ՝ հանրակրթության, նախադպրոցական կրթության, միջին մասնագիտական կրթության, գիտության, լրացուցիչ կրթության բնագավառներում և գիտելիքի արժևորմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, նախապես հայտարարված 10 անվանակարգերից բարձրագույն կրթության բնագավառում ոչ մի հայտ չի ներկայացվել, և այս ոլորտին նախատեսված գումարը կուղղորդվի երիտասարդ գիտնականների կողմից ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժման կողմից իրականացվելիք ծրագրերին։ Կ. Ավագյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվել է մարզային հասարակական կազմակերպությունների վրա՝ փորձելով նրանց ակտիվացնել կրթական համակարգում։ Հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի հիմնական մասը կիրականացվի ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, դրամաշնորհների այս մրցույթը համարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կայուն համագործակցության արդյունք։ «Այս մրցույթի միջոցով հնարավորություն է ստեղծվում հասկանալ, թե դաշտում գործող հասարակական կազմակերպությունները որոնք են, ինչ ներուժ ունեն, ինչ ուղղություններում են կենտրոնացրել իրենց աշխատանքը և որոշակիորեն խրախուսել ու աջակցել նրանց ծրագրերին։ Նման նախաձեռնությունները լինելու են շարունակական։ Այն ՀԿ-ների ծրագրերը, որոնք ավելի արդյունավետ կլինեն, և անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման, հիմնադրամը կֆինանսավորի իր միջոցներից»,- նշեց Ա. Տեր-Հովակիմյանը։