Ինչու՞ ձախողվեց կազանյան գագաթաժողովը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Կազանում հունիսի 24-ին կայացած հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունն այդքան հույս էր կապում, այդպես էլ չհանգեցրեց կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը: Փոխարենը, հերթական հայտարարությամբ կողմերն ամրագրեցին, թե պատրաստ են շարունակել բանակցությունները:
«Կողմերը բավական հեռու են միմյանցից: Սակայն հանդիպումը դրական է, քանի որ ամրապնդում է դիվանագիտության դիրքերը պատերազմի նկատմամբ»,-կազանյան հանդիպման առնչությամբ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հնարավոր է՝ դիվանագիտության տեսանկյունից բանակցությունների շարունակականությունն ինքնին արդյունք է: Ամեն դեպքում, թվում է՝ միջնորդների ակնկալիքներն այլ էին:
Նախագահների հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվեցին այն տեսակետի կողմնակիցների դիրքերը, համաձայն որոնց` ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր «բեկումնային պահերի» ու «հնարավորությունների պատուհանների» դեռ կրկին ականատես կլինենք:
«Հիասթափված լինելու համար, անհրաժեշտ է ակնկալիքներ ունենալ», - The New York Times-ի հարցազրույցում կարծիք է հայտնել Ջոն Հոփկինս համալսարանի՝ կովկասյան հարցերով փորձագետ Ս. Քորնելը: - «Ես ակնկալիքներ չեմ ունեցել: Հակամարտությանը հետևում եմ ավելի քան մեկ տասնամյակ, չափազանց շատ են եղել դեպքերը, երբ համանախագահները կամ այլք կարգավորման հույս են հայտնել, սակայն ոչինչ այդպես էլ չի ստացվել»:
Իսկ ի՞նչն է խանգարում, որ միջնորդների ջանքերն ի վերջո արդարացվեն և կարգավորման գորգընթացում իրական առաջընթաց գրանցվի: Դեռևս կազանյան հանդիպման նախօրեին Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group - ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել էր, որ եթե առաջիկայում ղարաբաղյան կարգավորման “հիմնարար սկզբունքների” շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, միջազգային հանրությունը պետք է լրջորեն քննարկի բանակցային ձևաչափի և ընտրած ռազմավարության արդյունավետության հարցը:
Միգուցե՞ իսկապես արդեն ժամանակն է վերանայելու բանակցային ռազմավարությունը: Ի վերջո միթե՞ ակնհայտ չէ, որ տարիներ շարունակ, հրաժարվելով ԼՂՀ հետ ուղղակի բանակցություններից, Ադրբեջանը ոչ թե «բանակցում է» իրական կարգավորում ապահովելու, այլ՝ կարգավորման գործընթացի պատրանք ստեղծելու համար:
Իսկ ինչո՞վ է դա այդքան կարևոր Ադրբեջանի իշխանությունների համար: Տարիներ շարունակ Իլհամ Ալիևի վարչակազմը շարունակում է ստել ինչպես միջազգային հանրությանն, այնպես էլ` սեփական ժողովրդին:
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջման հիման վրա». մեկ անգամ չէ, որ հայտարարել են միջնորդները: Այն փաստը, որ մինչև այժմ բանակցությունները շարունակվում են, վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացում Ադրբեջանն այնուամենայնիվ զիջումների պատրաստակամություն հայտնում է: Մյուս կողմից, սակայն, Բաքվում չեն լռում պատերազմի սպառնալիքներն ու հայատյացության քարոզչությունը (Հիշենք Ընդդեմ Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցն Ադրբեջանի մասին): Իլհամ Ալիևը շարունակում է սեփական ժողովրդին հավատացնել, թե երբևէ որևէ զիջում հայկական կողմին լինել չի կարող: (Օրերս Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը բառացիորեն նշում է, որ փոխզիջման մասին խոսք անգամ լինել չի կարող:)
Այսինքն՝ մի կողմից Ալիևը միջազգային հանրությանը փորձում է հավատացնել, թե լոյալ է ընդհանուր գործին, այն է՝ կարգավորման գործընթացին, մյուս կողմից խնդիր ունի սեփական ժողովրդին ցույց տալու իր անզիջող կեցվածքը ղարաբաղյան հարցում:
Ի վերջո, ազերիների առաջնորդը, ով հոգնել է ներքին բազմաթիվ խնդիրներից, իր ժողովրդի «հավերժական սերն» ապահովելու այլ միջոց չունի քան արտաքին թշնամու կերպարով նրան ահաբեկելը` իշխանության ու պետական միջոցների ուզուրպացիան ինչ-որ կերպ հիմնավորելու նպատակով:
Ուստի տարիներն անցնում են, ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ չկարգավորված, ալիևների կլանը շարունակում է չկարգավորված հակամարտության պատրվակի ներքո յուրացնել պետական ռեսուրսներից ստացված միջոցները և անում հնարավորը, որ հակամարտությունը շարունակի մնալ չկարգավորված…
Այս ամենը կլիներ բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը, եթե որևէ առնչություն չունենար նրա անմիջական հարևանների և տարածաշրջանային կայունությամբ հետաքրքրված ուժերի հետ:
Այս իմաստով, թերևս իրավացի է Սաբինա Ֆրեյզերը, ժամանակն է փոխելու բանակցությունների ռազմավարությունը: Այս իմաստով, միգուցե՞ ժամանակն է ավելացնելու ճնշումը բանակցային գործընթացի ձախողումների պատասխանատու կողմի վրա, ավելացնել ճնշումը՝ երաշխավորելու Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ տեղեկացված լինելու իրավունքի, խոսքի ազատության, այլակարծության, պաշտպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները