Ա. Լոքյանը` Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, նիստի օրակարգում եղել է ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը: Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում սահմանված ժամկետներում, որպես ռեկտորի թեկնածու, առաջադրվել է Արսեն Բաղդասարի Լոքյանը:
Խորհրդի նիստում ռեկտորի հավակնորդը ներկայացրել է ակադեմիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով, տեղի է ունեցել փակ (գաղտնի) քվեարկություն:
Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց' ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են Արսեն Լոքյանին: