Վազգենյան դպրոցը 70 սան ունի. Նախարարը նրանց թվի աճ է ակնկալում
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայասատանից և Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել է սաների և դպրանոցի տնօրինության հետ:
«Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ բաժին կընկնի ձեզ: Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և՛ բնությունը, և՛ ճարտարապետությունը, և՛ անտեսանելի եթերը թույլ են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք` գալով այստեղ»,- դիմելով սաներին, ասել է նախարարը, հավելելով, որ, հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակացում:
Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, ովքեր ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու հայ եկեղեցի կա:
Մաղթելով ճեմարանակններին հաջողություններ ուսման մեջ` նա նշել է, որ և՛ Վազգենյան դպրանոցը, և՛ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են և տարիների ընթացքում ուսանողների թիվը պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:
Նախարարը պատասխանել է նաև ճեմարանակնների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում: Հանդիպումը եզրափակվել է ճեմարանականների երգչախմբի ելույթով: