Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին
Սպառողների ասոցիացիան տրանսպորտային խնդրի վերաբերյալ բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որում մասնավորապես ասված է. «Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին և չունի զարգացման հանրօգուտ տեսլական: Այսօր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը ձևավորում են նախ միկրոավտոբուսները, ապա` ավտոբուսները: Ինքնին հասկանալի է, որ միկրոավտոբուսներն ըստ իրենց տեխնիկական բնութագրի, նախատեսված չեն միլիոնանոց քաղաքում ուղևորափոխադրումների համար` հատկապես դրանց ներկայիս բեռնվածությամբ և մաշվածությամբ: Սակայն ավտոբուսային պարկի ավելացումը մենք համարում ենք միայն մասնակի լուծում, քանի որ, նույնիսկ եթե համարենք, որ ավտոբուսներն իրենց աղմկային ֆոնով և հարմարավետությամբ չեն զիջում տրոլեյբուսներին, միևնույն է, դրանք առկա են թողնում տնտեսական և բնապահպանական խնդիրներ:
1) Տրոլեյբուսների ցանցն ընդլայնելով` հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր է ապահովել ներմուծման փոխարինում, այն է` ներմուծվող վառելիքի սպառումը կփոխարինվի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման ավելացմամբ: Ներմուծման նվազեցումը երկրի ղեկավարների կողմից բազմիցս հայտարարվել է որպես երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշներից մեկը: Այդ խնդրի լուծմանը կնպաստի միայն էլեկտրոտրանսպորտի զարգացումը` զգալիորեն նվազեցնելով հանրապետության կախվածությունը ներմուծվող վառելիքից: Բացի դրանից, այդ դեպքում քաղաքի տրանսպորտային համակարգը կդիվերսիֆիկացվի, ինչն էլ ոլորտում մրցակցության աճ կստեղծի:
2) Այսօր, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը չի գործում, մայրաքաղաքի աղտոտումների հիմնական մասը բաժին է ընկնում ուղևորատրանսպորտին: Երևանի տրանսպորտային համակարգի հենասյունը դարձնելով էլեկտրոտրանսպորտը` հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը:
Գիտակցելով, որ էլեկտրատրանսպորտի զարգացումը կապված է որոշակի բարդությունների և ներդրումների հետ, այդուհանդերձ պետք է նշեք, որ միկրոավտոբուսների եկամտաբերությունը գոյանում է մեր իսկ` բնակչութան կողմից վճարվող ուղևարձերից: Հետևաբար, ավելի նպատակահարմար ենք գտնում նույն միջոցներն ուղղել հասարակության և քաղաքի համար ավելի պիտանի և արժանապատվությանը հարիր փոխադրամիջոցի զարգացանը: Գիտակցում ենք նաև, որ երթուղային տաքսիների ոլորտը, լինելով բարձր եկամտաբեր, դարձել է տարբեր մակարդակի շահերի թիրախ: Սակայն հավատում ենք, որ վճռականությունն ու պատրաստակամությունը` երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման գործում, անլուծելի չեն թողնի այս խնդիրը»: