Լիբիան չի ճանաչում ՄՔԴ-ի արտոնած Քադաֆիի ձերբակալության թույլտվությունը
Լիբիայի իշխանությունները չեն ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, վերջինիս որդուն ու հետախուզության տնօրենին ձերբակալության սանկցիա տալու որոշումները:
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Լիբիան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, որոնք Արևմուտքի համար քաղաքական գործիք են ծառայում երրորդ աշխարհի երկրների առաջնորդների դատական հետապնդման ենթարկելու համար»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, երեկ Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ձերբակալության թույլտվություն էր արձակել: Ավելի վաղ, Քադաֆիին ու նրա երկու մերձավորներին` ավագ որդուն ու երկրի հետախուզության տնօրենին ձերբակալելու միջնորդությամբ էր հանդես եկել ՄՔԴ-ի դատախազը` մեղադրելով վերջիններիս ռազմական հանցագործությունների մեջ: