Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի ունեցավ այսօր` ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությանը նվիրված ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամներ (ակադեմիկոսներ), 62 թղթակից անդամներ և ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցեցին 151 անդամներ:
ԳԱԱ մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանն առաջադրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի թեկնածությունը: Երկու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ Ռադիկ Մարտիրոսյանը` 102 կողմ, իսկ Լենսեր Աղալովյանը` 34 կողմ: Ընդհանուր առմամբ երկու թեկնածուներին դեմ քվեարկվեց 7 ձայն, և 8 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ գործող փոխնախագահ Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը: Յուրի Շուքուրյանը և Հրանտ Մաթևոսյանը ընտրվեցին` համապատասխանաբար ստանալով 118 և 115 ձայն կողմ:
Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքերում տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները:
Հունիսի 30-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը կքվեարկի այդ բաժանմունքներում ընտրված ակադեմիկոս-քարտուղարների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահության մյուս անդամների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին