ԱԺ նախագահն ընդառաջեց. Որքանո՞վ դա կօգնի, որ գիտությունը պատշաճ ֆինանսավորվի
Գիտության ֆինանսավորումը վերջին տարիների թնջուկն է. այս մասին ասվել ու շարունակ ասվում է ու եթե հաշվի չառնենք այն, որ հայտնի գործարար-կուսակցապետեր գիտական ոլորտի աշխատակիցներին ֆինանսական լուրջ աջակցություն են ցուցաբերում, պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվում: Ընդ որում այս ճշմարտությունը ոչ թե մեր, այլ ԱԺ մի շարք պատգամավորներինն է` Անահիտ Բախշյան, Լիլիթ Գալստյան և այլն, ովքեր մտահոգված են խնդրո առարկայով:
Որոշ ժամանակ առաջ սոցիալական ամենահայտնի ցանցում հայտնվեց մի պահանջատեր-խումբ, որի պահանջները կապված են գիտության ոլորտի ֆինանսավորման հետ: Ըստ այդմ, խմբի ակտիվիստները մի շարք պահանջներ են ներկայացրել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անձնական էջում, որտեղ էլ սևեռել են նրա ուշադրությունը հետևյալ խնդիրներին. 2000 թ-ին խորհրդարանն ընդունեց «Գիտական և գիտա-տեխնիկական գործունեության մասին» օրենքը, որի 19-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, պետության կողմից հավելավճար: Դրա չափի որոշողը, բնական է, կառավարությունն է, սակայն տաս տարիների ընթացքում, որոնք հայրենի գիտության համար, մեղմ ասած, քայքայիչ էին, այդ հավելավճարներն այդպես էլ չեն հասել հասցեատերերի: Մինչդեռ բոլորին է հայտնի, թե սոցիալապես որքան անպաշտպան վիճակում են մեր գիտնականները, իսկ երիտասարդ ուղեղներն ուղղակի լքում են Հայաստանը:
Այդպես, բոլորովին վերջերս ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ահազանգելով ոլորտում տիրող անմխիթար վիճակը, արձանագրել էր, որ Հայաստանում 35-45 տարեկան գիտնականները շատ փոքր թիվ են կազմում: Երիտասարդներին, նշել էր նա, գիտության ոլորտում պահելու համար բարձր աշխատավարձ է պետք տալ, քանի որ հենց դա է այն կարող ուժը, որ պետք է կերտի մեր ապագան: Իսկ եթե մենք չկարողանանք նրանց պահել, ապա ` կորուստներն անխուսափելի են:
Մյուս խնդիրը, որի վրա ուշադրություն են հրավիրում երկրի երկրորդ դեմքին` գիտությանն ուղղվող գումարների ավելացման անհրաժեշտությունն և դրանց թափանցիկ բաշխումն է, որի համար նաև մեխանիզմ է առաջարկվում՝ բոլոր ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար, օրինակ, 1000-2000 ԱՄՆ դոլարի չափով, որը կուղղվի մասնագիտական գրականության, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ (համակարգիչ, տպիչ և այլն) ձեռք բերելուն և այլն:
Իհարկե, գումարի հարցում սահմաններ ուրվագծելը մի երկրում, որի պետական բյուջեն օր օրի լցնելու խնդիր է առաջանում բարդ ու թերևս անիրականանալի գործընթաց է, բայց փորձը, ինչպես ասում են, փորձանք չի բերում:
Եվ երրորդ կարևոր խնդիր` ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Նշենք, որ 2011թ-ին պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերի համար հատկացվել է 9433.1 մլն դրամ:
Ակտիվիստների ուշադրության կենտրոնում են նաև այլ հարցեր ևս, որոնք ներկայացվել են ԱԺ նախագահին: Եվ վերջինս նախօրեին արձագանքեց սոցցանցի գիտության խնդիրներով մտահոգված անձանց` տեղեկացնելով, որ ինչպես և առաջարկել էր` Ազգային ժողովի համապատասխան Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 30-ին կանցկացնի շահագրգիռ քննարկում, որի առանցքում կլինի ամենակարևոր հարցը` ինչպե՞ս անել, որ գիտության ֆինանսավորումն ավելացվի: