Վ. Զախարով. Ադրբեջանցիներն ասում են` չեն կռվի Ղարաբաղի համար. դա պետք է միայն Իլհամին
Ադրբեջանական բանակի վիճակը այդքան բարվոք չէ, ինչպես դա ներկայացնում է Իլհամ Ալիևը»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականության հարցին` Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Վերջինիս կարծիքով, բացի զինված ուժերի վերազիմնան և վերապատրաստման խնդիրներից, գոյություն ունի հարցի գաղափարական կողմը, այն է՝ թե «Ո՞վ պետք է կռվի ադրբեջանական կողմում»:
«Ես գիտեմ թե ինչպես են մտածում ադրբեջանցիները այստեղ՝ Մոսկվայում: Նրանք նշում են, որ չեն կռվի Ղարաբաղի համար և դա պետք է Իլհամին այլ ոչ թե իրենց»,- նշեց Վլադիմիր Զախարովը:
«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը իր հերթին նշեց որ, եթե ադրբեջանական կողմը անգամ փոքր վստահություն ունենար, այն հարցում, որ պարաստ է պատերազմի, ապա անմիջապես կվերսկսեր ռազմական գործողությունները:
Կ. Բեքարյանը նաև նշեց որ Իլհամ Ալիևը «տանը» և բանակցությունների ժամանակ օգտագործում է իրարից էականորեն տարբերվող հռետորաբանություն:
«Տանը Իլհամ Ալիևը մշտապես խոսում է Ադրբեջանի զորեղության, աճեցված մկանների, հարցի ռազմական ճանապարհով լուծման մասին և, եթե նա այս պայմաններում գնա ինչ-որ փաստաթղթի ստորագրման, դա կարող է չնդունվել արբեջանական հասարակության կողմից»,- նշեց Կ. Բեքարյանը: