Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողության նվերներ հանձնեց իր նախկին մարզադպրոցին
Այսօր հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողության նվերներ հանձնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին և մարզիչներին:
Նոր մարզական գույքը` տանձիկներ, բռնցքամարտի «լապաներ», մարզաձևի համար նախատեսված շապիկներ, վարտիքներ, կոշիկներ, մարզակոշիկներ, մարզական համազգեստներ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ և այլն, կնպաստի, որպեսի մարզադպրոցը պատրաստի և միջազգային ասպարեզ դուրս բերի նոր չեմպիոնների: Արթուր Աբրահամը վստահ է, որ մեր երկրում տաղանդաշատ մարզիկներն ու մարզիչները շատ են, և նրանց համար պարզապես անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան հասնել նոր մակարդակի: Իհարկե, նրանք նաև միջազգային շատ մրցումների պետք է մասնակցեն` փորձ ձեռք բերելու համար, բայց սա այլ խոսակցության թեմա է:
Իսկ այսօր կարևորն այն է, որ Արթուր Աբրահամը հավատարիմ է մնում իր ակունքներին և ձգտում է օգտակար լինել այն դպրոցին, որտեղ ժամանակին մարզվել է:
«Ես ուզում եմ երախտագիտությունս և խորին շնորհակալությունս հայտնել իմ մարզադպրոցին, որտեղ ժամանակին մարզվել եմ, որն ինձ օգնել է լուրջ արդյունքների հասնել»,- հայտարարեց Արթուր Աբրահամը:
Անդրադառնալով իր մարզական ծրագրերին` հայ մարզիկը շեշտեց, որ պլանավորում է 2-3 վարկանշային մրցամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում և կրկին հավակնել աշխարհի չեմպիոնի կոչման: Նա նշեց նաև, որ կարիերայի ավարտից հետո Երևանում բռնցքամարտի նոր դպրոց կհիմնադրի: Քաղաքապետարանի հետ արդեն համապատասխան պայմանավորվածություն կա: Դպրոցին կից կգործի նաև գերմաներենի ու անգլերենի ուսուցման կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան