Աթենքում բախումներ են արձանագրվել ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև
Երեկ երեկոյան Աթենքի կենտրոնական հրապարակում զանգվածային անկարգություններ ու բախումներ են արձանագրվել ոստիկանական ուժերի ու ցուցարարներ միջև: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, անկարգությունները տեղի են ունեցել նախօրեին երկրում արհմիությունների կողմից կազմակերպած 48 ժամյա գործադուլին զուգահեռ:
Մոտավոր հաշվարկներով, երեկ Հունաստանի մայրաքաղաքում բյուջետային կրճատումներ նախատեսող տնտեսական ծրագրի դեմ բողոքի էին դուրս եկել մոտ 20 հազար մարդ: Քաղաքի կենտրոնական փողոցներով երթից հետո, հարյուրավոր անարխիստներ սկսել են բախվել ոստիկանների հետ Սինտագմա հրապարակում, որտեղ տեղակայված է խորհրդարանի շենքը:
Անկարգությունների մասնակիցներն այրել են հեռուստատեսության միկրոավտոբուսը, այրել են բացօթյա սրճարանների ծածկեր, կոտրել խանութների ապակիներ: Իրավապահ մարմինների գնահատմամբ, տուժել է 10 մարդ, 18-ը` ձերբակալվել:
Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանում ներկայումս ընթանում են նոր տնտեսական հնգամյա ծրագրի քննարկումները, որի ընդունումը նախապայման է ԵՄ-ից ու ԱՄՀ-ից նոր վարկեր ստանալու համար: Հակառակ պարագայում, փորձագետների գնահատմամբ, արդեն հուլիսին Հունաստանը ստիպված կինի դեֆոլտ հայտարարել` վտանգի տակ դնելով իր Եվրագոտում մնալու հարցը:
Հնգամյա պլանը նախատեսում է բյուջետային ծախսերի խիստ կրճատումներ, ու հարկերի բարձրացում: Նախորդ տարի ԵՄ-ից ստացած 157 մլրդ. օգնություն ձեռք բերելով, Հունաստանն այդպես էլ չի կարողացել կարգավորել երկրի ներսում ֆինանսական իրավիճակը, ինչը ստիպել է Աթենքին նորից օժանդակություն հայցել ԵՄ-ից: