ԵՊՀ 70 շրջանավարտներ դիպլոմներ ստացան Անիի մայր տաճարում
Հունիսի 25-ին Անիի Մայր տաճարը սովորականից մարդաշատ էր: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դիպլոմներն էին ստանում Արևմտյան Հայաստանում: Բակալավրիատի և մագիստրատուրայի 70 շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Անիի Մայր տաճարում:
ԵՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ որոշվեց ֆակուլտետի շրջանավարտներին տանել Արևմտյան Հայաստան և դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը կատարել Անիի Մայր տաճարում:
Պատմաբաններին դիպլոմներ հանձնեց Աշոտ Մելքոնյանը, արվեստաբաններին` Էդիկ Մինասյանը, իսկ մշակութաբաններին` պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանը: Դիպլոմների պաշտոնական հանձնումից հետո բոլորը երգեցին «Հայր մեր»-ը և Անիի պարիսպների շուրջ պարեցին հայկական քոչարի` վերակենդանության շունչ հաղորդելով մայրաքաղաքին: Արարողության կատարմանը աջակցել է Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Աշոտ Սողոմոնյանը, ում ջանքերով շրջանավարտների համար պատրաստվել էին սպիտակ համազգեստներ և գլխարկներ` ԵՊՀ-ի անգլերեն անվամբ և գերբով:
Էդիկ Մինասյանի հավաստմամբ` իրենց նախաձեռնությունը մինչ այդ իր նախադեպը չունեցող եզակի ու բացառիկ երևույթ է, որը, սակայն, պետք է դառնա ավանդույթ: Պատմության ֆակուլտետն արդեն ունի այդպիսի ավանդույթ. ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսանողական տոմսերը, ստուգման գրքույկները և դիպլոմները ստանում են պատմական նշանակություն ունեցող տարբեր վայրերում: «Միջնադարյան համալսարաններում ընդունված է եղել ավարտական վկայականներն հանձնել մեծ հանդիսավորությամբ, և մենք այսօր այդ ավանդույթը վերականգնում ենք մեր պատմական հայրենիքի մի մասում` ցույց տալու, որ Անին դեռ կենդանի է, որ բարձրագույն ուսումնական այդ հաստատությունների լավագույն ավանդույթները փոխանցվել են ԵՊՀ-ին, և Անին կարող է վերակենդանանալ մեր ուսանողների շնորհիվ»,- նշեց Էդիկ Մինասյանը:
Վերջինս իր խոսքում շեշտեց, որ իրենք ցանկանում էին ուսանողներին անձամբ ծանոթացնել պատմական հայրենիքի կորցրած տարածքներին, մանավանդ որ ուսանողների մեծ մասի արմատները հենց Արևմտյան Հայաստանից են, նրանց` իբրև պատմաբանների, մշակութաբանների և արվեստաբանների, ծանոթացնել պատմական հուշարձաններին ու այն վայրերին, որտեղ տեղի են ունեցել հայոց պատմության նշանավոր իրադարձությունները:
Շուրջ 100 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում ոչ միայն Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն էին, այլև ուսանողներ և դասախոսներ տարբեր ֆակուլտետներից, հունիսի 24-26-ը այցելեց պատմական Հայաստանի տարբեր վայրեր` Ախալքալաք, Ախալցխա, Արդահան, Կարս, Բայազետ, Կողբ, Իգդիր, Արծափ, Վան, Ախթամար կղզի: Ճանապարհորդությունը ոչ միայն ծանոթացում էր պատմական վայրերին և հուշարձաններին, այլև պատմության դասերի մի շարք. այդ տարածքների և կոթողների պատմությունները ներկայացվում էին ուսանողներին ամենայն մանրամասնությամբ ոչ միայն դասախոսների, այլև ակտիվ ուսանողների կողմից:
Պատմության ֆակուլտետի դեկանն իր հիացմունքը հայտնելով ուսանողների պահվածքի վերաբերյալ, նշեց. «Մեր ուսանողներն իսկապես շատ հայրենասեր ու նվիրված են և կարող են այնպիսի սերունդ դաստիարակել, որը, վստահ եմ, կարող է ազատագրել մեր պատմական հայրենիքը: Նույնիսկ վատ առաջադիմություն ունեցող ուսանողներն իրենց իսկական հայրենասերի նման պահեցին. ամբողջ ճանապարհն ուղեկցվել է նրանց հայրենասիրական երգ ու պարով: Անգամ ճանապարհին իրենց հանդիպած քրդերին պատմում էին, որ այդ տարածքները մեզ են պատկանում: Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ մենք ունենք գաղափարապես ու հոգեպես հարուստ նման սերունդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին