ԳԱԱ ղեկավարության ընտրություններն ավարտվեցին
Այսօր ավարտվեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունները: Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը:
ԳԱԱ մամուլի ծառայության հաղորդմամբ, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը:
Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը:
Նորընտիր ակադեմիկոս-քարտուղարները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ, փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը ի պաշտոնե ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմի մեջ: ՀՀ ԳԱԱ նախագահության ազատ անդամներ ընտրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գոհունակություն հայտնեց այն միասնականության համար, որը ցուցաբերվեց ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ժամանակ և վստահություն հայտնեց, որ նման միասնականություն կցուցաբերվի նաև գիտության զարգացման ծրագրերի իրականացման, հասարակության կյանքում ակադեմիայի և գիտնականի դերի ամրապնդման գործում:
5-ամյա արդյունավետ աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին, հատկապես նրանց, ովքեր չընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանին: