Դինքին սպանած Սամասթի դատավճռի հրապարակումը հետաձգվեց
Ըստ Ermenihaber.am («Էրմենիհաբեր») լրատվական կայքի` սպասվում էր, որ այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանը կկայացնի «Ակօս»» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավճիռը։
Սակայն կայքի տեղակացմամբ` քիչ առաջ հայտնի է դարձել, որ դատարանը այսօր վճիռ չի կայացրել և դատական նիստը , որի ընթացքում կհրապարակվի Սամասթի դատավճիռը տեղափոխվել է հուլիսի 25:
Նշենք, որ Բեշիկթաշի քրեական դատարանը 2010-ի հոկտեմբերի 25-ին որոշում էր ընդունել բավարարել Դինքին սպանած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցը` տեղափոխել Սամասթի գործը անչափահասների գործերը քննող քրեական դատարանը ` այն հիմնավորմամբ, որ թուրքական խորհրդարանի ընդունած «6008» օրենքի դրույթի համաձայն, ընդհանուր իրավասության դատարանները զրկվում են 18 տարեկանը չլրացած անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննելու իրավունքից: Իսկ սպանության կատարման պահին Սամասթի 18 տարին դեռ չէր լրացել: