Միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրումը կավարտվի հուլիսի 2-ին
Հայաստանում բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի կազմակերպման ու դիմորդների հայտագրման գործընթացը, որն սկսվել է հունիսի 24-ից, կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Քննությունները կացկացվեն հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն իսպաներեն պարսկերեն, ռուսաց լեզու, ֆիզիկա, քիմիա և աշխարհագրություն առարկաներից:
Նրա խոսքով, միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2011-ին զորացրվածները, այն դիմորդները, որոնք միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառներով ի վիճակի չեն եղել մասնակցել, այն դիմորդները, որոնք 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար չէին հայտագրվել և բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Նա նաև ասաց, որ հայտագրման միայն առաջին օրը` հունիսի 24-ին, ներկայացել էր 350 դիմորդ: Այս պահին դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: