Կիբերխաղերի հաղթողները հայտնի են
Այսօր ամփոփվեցին հունիսի 20-ին մեկնարկած Կիբերսպորտի Հայստանի 5-րդ առաջնության արդյունքները:
Հայաստանի Կիբերսպրոտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի տվյալներով` հայաստանյան խաղերի մասնակցած 150 երիտասարդից տարբեր անվանակարգերում մրցանակների է արժանացել 36-ը:
Համակարգչային խաղերի ծրագրում ներառված պաշտոնական մարզաձևում առաջին տեղերը զբաղեցրին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը /FIFA 2011/ և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը /StarCraft 2/:
Վերջիններին, ինչպես նաև` 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներ Լևոն Սաքեյանին, Մհեր Եղիազարյանին, Պավել Արամյանին և Բագրատ Դաբաղյանին հանձնվեց ուղեգիր` դեպի Հարավային Կորեա` Պուսան, որտեղ նրանք Հայաստանը կներկայացնեն Կիբերխաղերի համաշխարհային մրցաշարում:
Բոլոր մյուս հաղթողներին «Սամսունգ» ընկերության կողմից հանձնվեցին մոնիտորներ, իսկ միակ կին մասնակից Օլգա Ֆեդորենկոն արժանացավ «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հատուկ մրցանակին` նեթբուք և 1 տարի անվճար ինտերնետային կապ:
Իգոր Կլիմկոն, շնորհավորելով բոլորին, նշեց, որ այսօր Հայաստանում ստեղծված արագ և մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները թույլ են տալիս ուշադրություն դարձնել նաև Կիբերսպորտի զարգացմանը.
«Շնորհավորում եմ և մեր երիտասարդներին մաղթում պատվով ներկայացնել Հայաստանը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշոր միջոցառմանը»: