Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը դատապարտող բանաձև
Հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի շրջանակում 28 երկրների խորհրդարանների պատվիրակները միաձայն ընդունել են «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձև, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Մենք, վեհաժողովի մասնակիցներս, արտահայտելով մեր համերաշխությունը բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն 19-րդ դարի վերջին -20-րդ դարի առաջին քառորդում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման:
Դատապարտելով այն փաստը, որ Թուրքիան մինչ օրս կտրականապես հրաժարվում է ընդունել Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, ինչպես նաև
այդ ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգության ոչնչացման ցանկացած գործողությունները;
Ընդգծելով, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է և արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից և պետական քաղաքական շահերից;
Գիտակցելով, որ բոլոր քաղաքակիրթ երկրների բարոյական և պատմական պարտականությունն է ճանաչել ու դատապարտել ցեղասպանությունն իր բոլոր դրսևորումներով` կոչ անել Թուրքիային , որպես իրավահաջորդ պետության, ընդունել իր պատասխանատվությունը կատարածի համար, ինչը ապագայում նման հանցագործությունների բացառման լավագույն երաշխիքն է;
Կոչ ենք անում Թուրքիային նրա կողմից ժողովրդավարության և թափանցիկության հասնելու ուղղությամբ արդեն ձեռնարկվող ջանքերի համատեքստում , ընդունել պատմական փաստերն ու իրողությունը և մանրակրկիտ ու քննադատորեն ուսումնասիրել պատմական անցյալի այդ իրադարձությունները:
Կոչ ենք անում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամ- երկրներին և միջազգային հանրությանը դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և Թուրքիային` գիտակցել և ընդունել իր պատասխանատվությունը հանուն պատմական արդարության վերականգնման»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը