Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական համագումարը
Հուլիսի 4-8-ըՌուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը՝ Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ հերթական համագումարը:
Այն ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրներից մեկի ազգային /այս դեպքում՝ Ռուսաստանի/ աստղագիտական ընկերության հետ համատեղ: Համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ:
Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է և հրավիրված զեկուցող: Մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել կայք-էջը:
Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում: