ԱրմԹեք ` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան»
Երևանում հոկտեմբերի 10-11-ը տեղի կունենան Հայաստանի բարձր տեխնոլոգիաերի ոլորտին նվիրված չորրորդ ամենամյա ԱրմԹեք Կոնգրես-11 համաժողովը` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով:
Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սինոփսիսի Արմենիա ընկերության, Հայկական զարգացման գործակալության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն է Վիվա-Սել-ՄՏՍ ընկերությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով`համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանը և ներդրումների հետագա աճին: Ըստ նրա` ԱրմԹեք Կոնգրես 2011-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին տարիներին արձանագրել է լուրջ աճ և ունի մեծ ազդեցություն տնտեսության մրցակցության և արդյունավետության բարձրացման գործում, ապա կարծում եմ, որ ԱրմԹեք կոնգրեսն այն հիմնական միջավայրերից մեկն է, որը համախմբելով ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին առաջարկում է նոր ՏՏ լուծումներ` տնտեսության այլ ոլորտներում կիրառելու համար»,-ասաց Բ.Ենգիբարյանը:
ԱրմԹեք Կոնգրեսի հիմնադիր, Սինոփսիսի Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերով` այս տարի իրենք նշում ենք Հայաստանի 20-րդ ամյակը` չորրորդ ԱրմԹեք Կոնգրեսն անցկացնելով Երևանում:
«Հիմք ունենալով Սիլիկոնային Հովտում տեղի ունեցած ԱրմԹեք վերջին Կոնգրեսի հրաշալի հաջողությունը` ակնկալում եմ խոսնակների ևս մեկ հզոր ծրագիր, որը բացառիկ կերպով կմիավորի կառավարության, կրթության և բիզնեսի գլխավոր որոշում ընդունողներին` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների աճող տնտեսության մրցակցության բարձրացմանը նպաստող ԱրմԹեք հարթակն առաջ մղելու նպատակով»,-ասաց Ռիչ Գոլդմանը։
Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այն երկիրը, որը բավարար չափով հետաքրքրված չէ ՏՏ ոլորտով, չի կարող ապահովել սերունդների հերթափոխ: Ըստ նրա` գիտության և կթության հանդեպ հայի ազգային վերաբերմունքն եղել ու մնում է առանձնահատուկ:
«Դա շատ կարևոր է և խախուսելի: Ակնհայտ է , որ մեզանում կա այն գիտակցությունը, որ «ուղեղների գրոհում» հաջողելը մրցակցային ամենակարևոր առավելություններից է: Ի վերջո, որակյալ և մրցակցային աշխատուժ ունենալը տնտեսության զարգացման կարևոր անկյունաքարերից է մեկն է»,-նշեց Ռ.Յիրիկյանը:
ԱրմԹեք Կոնգրես-11-ին ելույթով հանդես կգան կառավարության, պետական մարմինների, արդյունաբերության, կրթական հաստատությունների հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և այլ երկրներից: