Հունաստանի խորհրդարանն ընդունել է բյուջետային կրաճատումներ նախատեսող տնտեսական ծրագիրը
Հունաստանի խորհրդարանը Եվրամիության պահանջով երեկ ընդունել է երկրի տնտեսական նոր ծրագիրը, որն անհրաժեշտ էր միջազգային կազմակերպություններից նոր վարկեր ստանալու համար: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Նոր ծրագիրը ենթադրում է կրճատել պետական ծախսերը մոտ 28 մլրդ. դոլարով: Հակաճգնաժամային ծրագրի խորհրդարանական լսումներն ուղեկցվել են զանգվածային աննախադեպ ցույցերով, որոնք մինչ այժմ շարունակվում են:
Ցուցարարները պայթուցիկ նյութերով ապակյա տարաներ են նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանական ուժերը ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Որոշ հաղորդագրությունների համաձայն, ցուցարարները երեկ գիշեր թալանել են Աթենքի բանկերից մեկը:
Բյուջետային կրճատումները ենթադրում են հարկերի բարձրացում, կենսաթոշակների կրճատում, մոտ 150 հազար պետական սեկտորի ծառայողների ազատում, գների թանկացում, այդ թվում հասարակական տրանսպորտի:
Բացի այդ, երկրում ծավալվելու է լայնամասշտաբ սեփականաշնորհման գործընթաց, որի շրջանակներում մասնավոր սեկտորին են անցնելու զբոսաշրջիկների շրջանում մեծ համբավ վայելող միջերկրական ծովի լողափերը:
Նախորդ տարի ԵՄ-ից ստացած 157 մլրդ. օգնություն ձեռք բերելով, Հունաստանն այդպես էլ չի կարողացել կարգավորել երկրի ներսում ֆինանսական իրավիճակը, ինչը ստիպել է Աթենքին նորից օժանդակություն հայցել ԵՄ-ից ու ԱՄՀ-ից: Նոր ֆինանսական օժանդակությունը կազմելու է մոտ 110 մլրդ դոլար, որը կօգնի երկրին խուսափել դեֆոլտից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա