Մանվել Սարիբեկյանի սպանության խնդրով ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը դիմել է Ադրբեջանի դատախազությանը
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն Ադրբեջանի դատախազությանն առաջարկել է քննարկել ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում սպանվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական փոխօգնության հարցումը և արդյունքների մասին հայտնել Համակարգող Խորհրդին և ՀՀ գլխավոր դատախազությանը: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ և 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:
Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու ակնկալիքով: Մասնավորապես խնդրել է հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն Սարիբեկյան Մ.Մ. բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը: Նկատի ունենալով, որ հարցման պատասխանը էական նշանակություն ունի քրեական գործով նախաքննությանն լրիվությունը ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաև ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն:
Համակարգող խորհուրդն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի գրությանը և առաջարկել Ադրբեջանի դատախազությանը քննարկել կոնկրետ քրեական գործով իրավական փոխօգնության վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը և արդյունքների մասին տեղեկացնել ինչպես համակարգող խորհրդին, այնպես էլ Հայաստանի գլխավոր դատախազությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան