Արմեն Աշոտյան. Պետք է մտածել կրթական համակարգից զինվորական տարկետման իրավունքի վերացման մասին
ՀՀ կրթության և գիտության նախարարության այս տարվա միջոցառումների ծրագրում իրենց տեղն ունեն բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորատուրիայի, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության համար պետատվերի հատկացումները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով 2011-12թթ.-ին ուսումնական տարվա ընդունելության տեղերի հաստատման մասին կառավարության որոշմանը:
Ըստ նրա, երբ անցած տարի վերաբաշխում արվեց առկա և հեռակա ասպիրանտական տեղերի միջև, իրենց մեղադրում էին տարաբնույթ հանցանքների մեջ` ասելով, որ գիտության վրա մեծ խաչ են քաշում և փորձում են երիտասարդ գիտնականներին չեզոքացնել և ուղղորդել դեպի զինվորական ծառայություն: «Սակայն, անգամ այս տեղերը երբեմն մնում են թափուր, նույնիսկ 140 հատկացված տեղերից ունենք թափուր տեղեր, ինչը նշանակում է, որ ասպիրանտական ընդունելությունը առկա համակարգում շատ ավելի օբյեկտիվ և խիստ է իրականացվում»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:
Նախարարի խոսքերով, ակնհայտ է, որ պետք է մտածել ընդհանրապես կրթական համակարգից զինվորական տարկետման իրավունքի վերացման մասին, ինչի շնորհիվ կտրուկ կնվազեցնեն բակալավրիատի մագիստարատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կտրուկ կբարելավեն մագիստրանտների և ասպիրնատների մասնագիտական որակը: «Այսինքն` մարդիկ կկատարեն ավելի գիտակցված ընտրություն, որը թելադրված կլինի ոչ զինվորական ծառայությունից խուսանավելու ցանկությամբ, այլ իրականում այս կամ այն կրթությունը ստանալու ցանկությամբ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա միաժամանակ հայտնեց, որ վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս, որ նախորդ տարիների համեմատ տարկետման կրճատման պարագայում էլ տեղերը երբեմն թափուր են մնում: «Դա նշանակում է, որ ասպիրանտուրան և մագիստրատուրան փորձում ենք բեռնաթափել իրեն չպատկանող`բանակից խուսանավելու ֆունկցիայից: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և մենք բարձրաձայնում ենք տարկետման իրավունքի և կրթության իրավունքի իրարից տարանջատման գերակայության ու անհրաժեշտության մասին»,- նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին