«Դրամահավաքը դպրոցներում պահպանվել է, բայց նվազել է»
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի խոսում նախարարության հակակոռուպցիոն ծրագրի մասին անցյալ ժամանակով: Ւնչպես նա նշեց այսօրվա ասուլիսում, եթե այդքան հեշտ լիներ կոռուպցիայի դեմ պայքարը և վեց ամսում հնարավոր լիներ կտրուկ նվազեցնել կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ապա այդ խնդիրը վաղուց լուծված կլիներ:
Նա նշեց, որ ծրագիրը հստակ ժամանակացույցով իրականացնում է: «Հաջորդ շաբաթ կլինի հրապարակային հաշվետվությունը ծրագրի: Իմ սուբյեկտիվ կարծիքով, կտրուկ նվազել են կոռուպցիոն դրսևորումները բոլոր ուսումնական հաստատություններում: Դրամահավաքը դպրոցներում պահպանվել է, բայց նվազել է, կոռուպցիոն երևույթները քննությունների ժամանակ առկա են, բայց ակնհայտորեն նվազել են: Դա են ցույց տալիս նաև սոցիոլոգիական հետազոտությունները»,- ընդգծեց նախարարը:
«Ինձ թվում է, որ հասարակական ուշադրությունը և նախարարության հետևողական աշխատանքը թույլ է տալիս, որ միշտ «դամոկլյան սուրը»` խայտառակվելու, պատժվելու, նստելու, համապատասխան մարդկանց գլխին պահելով, գոնե հոգեբանորեն իրենց ճնշելով, նվազեցնել կոռուպցիոն դրսևորումների թիվը»,-հայտարարեց Ա.Աշոտյանը: