Արմեն Աշոտյան. «Եթե ամուսնությունից դեռ ինն ամիս չի անցել` երեխա մի' սպասեք»
«Այս տարի նոր ձևավորվել է ավագ դպրոցների ցանցը` սեպտեմբերի 1-ից կունենանք առաջին 12-րդ դասարանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարի կկազմավորվի ևս 13 նոր ավագ դպրոց:
Հարցին, թե երբ ավագ դպրոցը կծառայի իր բուն նպատակին, քանի որ ներկայումս այն, կարծես թե, ձևական բնույթ է կրում, Ա.Աշոտյանը պատասխանեց.
«Չնայած ստեղծվել են նոր դասագրքեր, նոր ծրագրեր, բայց ավագ դպրոցների կայացման համար դեռ ժամանակ է պետք: Ասել, որ դպրոցը կայացել է, նույնքան ժամանակավրեպ է և սուտ, որքան ասենք, որ դպրոցը չի կայացել, ու այդ գաղափարը տապալվել է: Այս տարի նոր մեկնարկն է: Տեսնենք` ինչ է ստացվելու»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարի կարծիքով, վերջնական դրական կամ բացասական կարծիքն այս մասին կարելի է կազմել 3-5-տարի հետո: «Եթե ամուսնությունից դեռ ինն ամիս չի անցել` երեխա մի' սպասեք»,- կեսկատակ- կեսլուրջ ասաց նախարարը:
Անդրադառնալով տնօրենների քննություններին` Ա. Աշոտյանը գոհունակություն հայտնեց քննությունների ընթացքից և օբյեկտիվությունից: Նրա հավաստմամբ` կոռուպցիոն երևույթների հետ կապված փաստեր չկան: