Նոր հանգամանքներ Դոմինիկ Ստրոս Կանի գործի վերաբերյալ
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի գործով զբաղվող քննիչները պարզել են, որ նրան բռնաբարության մեջ մեղադրող սպասուհին բազմիցս սուտ վկայություններ է տվել հարցաքննությունների ժամանակ:
Այդ մասին տեղեկացնում է «The Washington Post» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, սույն գործով բացահայտված նոր հանգամանքները կարող են ապացուցել Ստրոս Կանի անմեղությունը: Դատախազները չեն հավատում սպասուհու խոսքերի մեծ մասին: Կնոջը սկսել են կասկածել քրեական աշխարհի, թմրանյութերի շրջանառության և փողի լվացմանն առնչության մեջ:
Պարզվել է, որ նույն օրը Ստրոս-Կանի և սպասուհու միջադեպի ժամանակ, վերջինս հանդիպել է մի տղամարդու հետ, ով նախկինում եղել է դատապարտված թմրանյութերի օգտագործման և պահպանման մեղադրանքով: Վերջինիս հետ սպասուհին քննարկել է, թե ինչ օգուտ կարելի է քաղել՝ դատի տալով Կանին:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը բացի այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենն էր, նա նաև Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ականավոր անդամ է, ով հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում համարվում էր ամենահավանական թեկնածու: