Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին իրավական կարգավիճակ է ստացել. Վրաց խորհրդարանն օրենք է ընդունել
Վրաստանի խորհրդարանը երկրի Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ է կատարել, որի համաձայն կրոնական միավորումներին, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցուն, տրվում է հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»: Օրենսգրքում կատարված փոփոխությունները վրացական խորհրդարանն ընդունել է նախօրեին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ:
Մասնավորապես, նման կարգավիճակ ստանում են Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, Մուսուլմանական, Հուդդայական և Բապտիստների համայնքները: Օրենսդրական նախաձեռնությանը դեմ է հանդես եկել Վրաստանի ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունը:
««Վրացական եկեղեցին նույն կարգավիճակը չունի: Մենք պետք է հասկանան` պատրաստվո՞ւմ են Ադրբեջանը և Հայաստանը նման կարգավիճակ տալ վրացական եկեղեցուն», -հայտարարել է նույն խմբակցության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:
«Իրավական կարգավիճակ ունենալով մյուս եկեղեցիները ավելի բարձր կարգավիճակ չեն ստանում, քան վրացական եկեղեցունն է. Վրաստանի եկեղեցին պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը», - ի պատասխան հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին:
Աղբյուրը բացատրում է` հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակն այն է, որ կազմակերպությունը պետական վերահսկողությունից անկախ իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հանրային գործունեություն:
Հիշեցնենք, որ վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը 7-օրյա հովվապետական այցով մեկնել էր Վրաստան, որտեղ Վրաց Պատրիարք Իլյա 2-րդ ու Վրաստանի նախագահի հետ հանդիպումներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, բարձրացրել էր Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը: Այդ հանդիպումներից հետո հայտարարվեց, որ իբրև առաջին քայլ Վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնորհվի իրավական կարգավիճակ, ինչպեսև Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում: «Հավաստիացում կատարվեց նաև, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն պետք է դրսևորվի մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: Հաջորդ փուլում քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը», -ասված էր Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ: