Միասնական քննությունների 2-րդ փուլի առաջին քննությունը կկայանա հուլիսի 4-ին
Այսօր ժամը 18:00-ից հետո կավարտվի Հայաստանում բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի կազմակերպման ու դիմորդների հայտագրման գործընթացը: Մինչ այժմ հայտագրված դիմորդների քանակն անցնում է 1000-ից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, 100 դիմորդ միասնական քննությունների 2-րդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է Ջավախքից, կան դիմորդներ Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից: Կան նաև դիմորդներ, որոնք դպրոցն ավարտել են Թաիլանդում, Իրանի Իսլամական հանրապետությունում: Քննական կարգի համաձայն, 1 քննական կենտրոն կձևավորվի Երևանում:
Միասնական քննությունների 2-րդ փուլում առաջին քննությունը կկայանա երկուշաբթի, հուլիսի 4-ին, Հայոց պատմություն առարկայից, իսկ հաջորդը կլինի հուլիսի 6-ին` մաթեմատիկա առարկայից:
Պատասխանատուները վստահեցնում են, որ այս անգամ ևս, քննական թեստերը հեշտ են լինելու և անցողիկ 7,5-8 միավորն ստանալը` դյուրին: